Գ. Մելիքյան.Դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելը ՀՀ նախագահի առաջարկն է եղել
«Այդ առաջարկը մինչ այդ արել էր նախագահ Սարգսյանը և շատ կարևոր է, որ այն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարձր ամբիոնից հնչեցրել է նաև ԵԱՀԿ գործող նախագահողը: Դա բանակցային գործընթացի առաջնահերթություններից է: Մեզ համար շատ կարևոր է, որ Լիտվիան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր ընդունում է, որ դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելն առաջնային հարց է և անհրաժեշտություն»,- անդրադառնալով Լիտվիայի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին և մասնավորապես նշել, թե «ԵԱՀԿ խնդիրն է Մինսկի խմբի ակտիվ մասնակցությամբ այս ձգձգվող համակարտությունը հասցնել կարգավորման՝ հակամարտող կողմերին կոչ անելով միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` ներառյալ շփման գծից դիպուկահարների անհապաղ դուրսբերումը և մոնիտորինգի գծով ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը»:
«Շատ կարևոր է, որ նախագահի առաջարկը նման բարձր մակարդակով քննարկման առարկա է դարձել»,- ընդգծեց Գ. Մելիքյանը:
Պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը բազմիցս մերժել է նման արաջարկները, ըստ Ձեզ, ինչով է դա պայմանավորված՝ պատգամավորը պատասխանեց:
«Դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու Ադրբեջանի անհամաձայնությունը ավելի շատ կապված է այն հանգամանքին, որ Ադրբեջանը փորձում է նման կերպ վախեցնել հայկական կողմին՝ չհասկանալով, որ նման կերպ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»:
Խորհրդարանականի խոսքերով, Ադրբեջանը պետք է լավ հասկանա, որ հայկական կողմը խաղաղություն չի «մուրում», այլ իր բանակի միջոցով է դա պարտադրում: Նա ընդգծեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և առաջնային գծում անիմաստ զոհերից խույս տալու համար: