7-ամյա երեխան շոկային վիճակում է. նոր մանրամասներ Արցախի փողոցի դեպքից
Նախորդ օրը երեկոյան Արցախի փողոցում գրանցված խոշոր ավտովթարի, այնուհետև` պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 7-ամյա Գոռ Հայրապետյանի առողջական վիճակը ծանր է` ստացել է ոտքերի և նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում: Երեխան այժմ Երևանի ճառագայթման ու այրվածքների կենտրոնում է:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱԻՆ Փրկարար ծառայությունից:
Ըստ ներկայացված մանրամասների, դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին՝ժամը 21.27-ին, երբ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 24 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար և հրդեհի բռնկում, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են թիվ 76 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3456 Տ պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Տեղում զոհվել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու առջևի երկու ուղևորները և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1987թ.-ին ծնված Սերգեյ Բաղշյանը:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 9 ուղևոր` Երևան քաղաքի բնակիչներ, 1957թ.-ին ծնված Վալերի Պետրոսյանը, 1957թ.-ին ծնված Հովսեփ Փափազյանը, 1978թ.-ին ծնված Աննա Խաչատրյանը, 1996թ.-ին ծնված Մարիաննա Մուրադյանը, 1991թ.-ն ծնված Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 2004թ.-ին ծնված Գոռ Հայրապետյանը և 1990թ.-ին ծնված Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 1984թ.-ին ծնված Մուշեղ Գևորգյանը և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1993թ.-ին ծնված Գոռ Պապոյանը:
Մինչ շտապօգնության ժամանումը պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել այրված դիակները և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.36-ին, մարվել`22.35-ին:
Ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ:
Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ. Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի և Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: