Շվեդ խորհրդարանականը կասկած չունի` Հայոց ցեղասպանությունը փաստ է
Հայոց ցեղասպանությունը եղել է և Շվեդիայում այս առթիվ վերապահումներ չկան: Այս մասին նշել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Ռիկստագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեսիրե Պետրուսը (Désirée Pethrus)` Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ Վահագն Ավետյանի նամակին ի պատասխան գրած նամակում:
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներն այս գործչին վերագրել էին հայտարարություն, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Շվեդիայի խորհրդարանի ընդունած որոշումը սխալ քայլ է: Ըստ ադրբեջանական «Դեյ.ազ» կայքի` Շվեդիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դ. Պետրուսն, իբր, հայտարարել է, թե «շվեդական խորհրդարանի կողմից, այսպես կոչված, «հայոց ցեղասպանության» ճանաչումը պատմական սխալ է»:
Այս կապակցությամբ շվեդահայ Վահագն Ավետյանը դիմել է վերոնշյալ պատգամավորին և պարզաբանումներ պահանջել: Ստորև ներկայացնում ենք Դեսիրե Պետրուսի պատասխան նամակը.
«Ողջույն,
Ոչ, ես նման բան չեմ ասել:
Ես ասել եմ, որ Քրիստոնեա-դեմոկրատների դիրքորոշումը խորհրդարանական քվեարկության ժամանակ այն էր, որ ընդհանուր առմամբ չենք համարում, որ ցեղասպանության հարցերի հետ կապված խորհրդարանն ընդհանրապես պետք է քվեարկություն անցկացնի:
Նման որոշումներ պետք է միջազգային դատարանները կայացնեն: Այդուհանդերձ մենք համարում ենք, որ Հայաստանում ցեղասպանություն տեղի է ունեցել: Այս հարցում մենք վերապահումներ չունենք:
Երբ այցելում են, լուսանկարվում, ցավոք սրտի հաճախ այնպես է ստացվում, որ ընտրողաբար միայն իրենց խմբին ցանկալի մեջբերումներ են ներկայացնում
Հարգանքներով
Դեսիրե Պետրուս
Շվեդիայի խորհրդարանի անդամ (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն)
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ
ԵՄ հետ հարաբերությունների հանձնաժողովի անդամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց