Սամվել Կարապետյանի 2 միլիոն դոլար նվիրատվությամբ Մարտունի քաղաքում կլուծվի խմելու ջրի հարցը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով, մինչև տարեվերջ կավարտվեն ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները և քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Աշխատանքների 2-րդ և 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:
Այս մասին հայտնեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող, թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ կյանքի է կոչվում մեծապես Սամվել Կարապետյանի և իր գլխավորած «Կարապետյան եղբայրներ» ընկերության նվիրատվությունների շնորհիվ: Առաջինը` Շուշի քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումն է, որն իրականացվում է Ռուսաստանի հայ բարերարների նվիրաբերած միջոցներով, որտեղ առյուծի բաժինը կազմում է Կարապետյանի կատարած շուրջ մեկ միլիոն դոլար նվիրատվությունը:
Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2008-ը գրանցեց Հիմնադրամի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ` 35 միլիոն դոլար` շնորհիվ Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլար նվիրատվության: Ստեփանակերտում այսօր արդեն կանգուն է Կարապետյանի նվերը արցախցիներին` հանրապետական հիվանդանոցը, որը հարդարման և կահավորման աշխատանքների ավարտից հետո կսպասարկի տարածաշրջանի բնակչությանը:
Երկու տարի շարունակ Մոսկվայում ՀՀ Նախագահի հրավերով տեղի ունեցող բարեգործական գալա-ճաշկերույթներին Սամվել Կարապետյանն ակտիվորեն մասնակցում է ոչ միայն որպես բարերար, այլ նաև որպես համահայկական համախմբումն ու Հիմնադրամի առաքելությունը բարձր գնահատող հայ գործարար մարդ, ով ջանք չի խնայում թե կազմակերպչական, թե ֆինանսական աջակցության առումներով իր նպաստը բերելու այս կարևորագույն միջոցառմանը: Ըստ արժանվույն գնահատելով Սամվել Կարապետյանի վաստակը Հիմնադրամի պատմության մեջ` 2009թ.-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նրան միաձայն հաստատեց նախագահության կազմում` որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ: Նա հանդիսանում է նաև Հիմնադրամի պատվո անդամ` կոչում, որին արժանանում են մեկ միլիոն դոլար և ավելի նվիրատվություն կատարած բարերարները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը համոզմունք է հայտնել. «Հիմնադրամի պատմության վերջին տարիներին Սամվել Կարապետյանն անուրանալի դերակատարում է ունեցել: Գաղտնիք չէ, որ նվիրատվությունների չափի առումով, վերջին երկու տարում Ռուսաստանն առաջատար է. այս փոփոխությունը մեծապես կապված է նաև Սամվել Կարապետյան բարերարի անվան հետ, ում վարքն օրինակելի է դարձել Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայ գործարարների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին