«Կասպրչիկը փորձել է օրիգինալ գտնվել». Վահրամ Աթանեսյանի մեկնաբանությունը
«Կասպրչիկն իր դիվանագիտական առաքելությունն ավարտող անձնավորություն է և փորձել է օրիգինալ գտնվել` չարտահայտելով ընդհանուր տրամադրվածությունը», -այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հարցազրույցը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին, Վահրամ Աթանեսյանն ասաց, որ հայկական կողմը պետք է որպես սկզբունք ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունը, որտեղ նշվում է կողմերի համար կարևոր է սկզբունքների շուրջ համաձայնության գալը:
«Իսկ սկզբունքների շուրջ համաձայնություն կլինի՞ թե՞ ոչ, մենք կարծում ենք չի լինի, որովհետև Ադրբեջանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի պարտավորություն ուժի չկիրառման մասին: Իսկ եթե Ադրբեջանը դրան համաձայն է, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանապարհ է բացում ԼՂ-ի փաստացի անկախության միջազգայնացման համար, որին կարող է հետևել կողմերին հետաքրքրող մյուս բոլոր հարցերի քննարկումները: Բայց եկեք ժամանակից առաջ չընկնենք», -հավելեց արցախցի խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ Կասպրչիկը հարցազրույց էր տվել լեհական «Nowa Europa Wschodnia» («Նոր Արևելյան Եվրոպա») ամսագրին, որտեղ, ինչպես նախօրեին Panorama.am-ին ասել էր նույն Կասպրչիկը, թարգմանչական անճշտությունների հետևանքով սխալ են ընկալվել որոշ հատվածներ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր