Զարաֆյան. Այս փոքր տարածքում բոլորը հանքավայրեր են որոնում, սա փոքր Հայաստանն է
Եթե գործեն Հրազդանի և Աբովյանի երկաթահանքերը, ապա Երևանի խմելու ջրի 35 տոկոսը վտանգված կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Էկոլուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը, նշելով, որ դա փաստել է երկրաբանը: Այսօր բանախոսը մտահոգություն հայտնեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, նշեց, որ Հրազդան քաղաքը ծածկվում է հանքարդյունաբերության վտանգավոր օբյեկտներով:
«Զարմանում եմ, թե ինչպես են հանքերի փորձաքննության արդյունքում ստացվել դրական եզրակացություն: Չինացիները զարմացել էին այդ տարածքներում ջրաղբյուրներ տեսնելով: Բոլորը զարմանում են, բացի մեր պաշտոնյաներից »,-ասաց նա:
Բնության ու շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ այս ՀԿ-ի անդամների անհագստությունն էլ ավելի է մեծացել, երբ բնական պաշարների և էներգետիկայի նախարարությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն, Հայաստանում կա 706 ոչ մետաղական և 30 մետաղական հանքավայր, որից 22-ն արդեն շահագորվում է:
Վկայկոչելով իր ձեռքի տակ եղած տվյալները, Զարաֆյանը նաև հայտնեց, թե 171 լիցենզավորված ընկերություններ իրավունք ունեն երկրաբանական հետազոտական աշխատանքներ իրականացնել: Այդ 171-ից 38 ընկերությանը լիցենզիան տրամադրված է միայն ոսկու համար:
«Այս փոքր տարածքում բոլորը հանքավայրեր են որոնում: Եթե ինչ-որ տեղ ոսկու հետք կա, սկսում են որոնողական աշխատանքները: Ի՞նչ է, այդ փոքր ոսկու համար պետք է ամբողջ տարածքը պայթեցնե՞նք: Սա ԱՄՆ-ի հսկայական տարածքները չեն, սա փոքր Հայաստանն է»,-ասաց բանախոսը:
Նա դժգոհեց, որ հանքավայրերն այժմ բաց համակարգով են շահագործվում, որն էլ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա` հատկապես հողի և ջրի վրա:
«Եթե մեզ մոտ շարքից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողերը, անտառային տարածքները, ջրային աղբյուրները, պետք է գնահատել վնասը: Այնուհետև պետք է ստիպել վնասը հասցրած ընկերություններին, որ նրանք վնասը փոխահատուցեն»,-եզրափակեց նա: