Խորհրդային տարիների երբեմնի հսկա գործարանն այսօր վերականգնվում է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ Մրգաշատ գյուղի մերձակա մշակովի հողատարածքներ: Այստեղ իրականացվում է ծաղկակաղամբի և վարունգի մշակություն: Ցանքատարածություններում օգտագործվել է տեղական արտադրության «Ազոցեոիտ-1» կենսապարարտանյութ:
Նշենք, որ «Սիս» ՍՊԸ-ն հանրապետության տարբեր մարզերի առավել կարիքավոր համայնքներին, պայմանագրային հիմունքներով, օգոստոսի 30-ի դրությամբ տրամադրվել է 3830 լիտր «Ազոցեոիտ-1» կենսապարարտանյութ:
Այցի շրջանակներում վարչապետը եղավ Հոկտեմբերյանի պահածոների գործարանում: «Լևոն»ՍՊԸ-ն իր հիմնական գործունեությունը ծավալվում է բանջարեղենի պահածոների արտադրության ոլորտում: Ընկերությունը իրականացնում է նաև չրերի արտադրություն և զբաղվում է բանջարեղենային մածուկների արտադրությամբ` մասնավորապես տոմատի մածուկի արտադրությամբ: Ընկերությունը «Դալարիկ» ապրանքանիշով արտադրում է շուրջ 20 անուն պահածոներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության սեփականատեր Դավիթ Հարությունյանը, այս տարի գործարանում մթերվել է 1500 տոննա միրգ և բանջարեղեն, արտադրվել է 350 հազար տարա: Նրա խոսքերով`2009թ.-ի համեմատ այս տարի 100 տոկոս աճ են ապահովել:
Ընկերության արտադրանքի շուրջ 90%-ն արտահանվում է, հիմնական արտահանման շուկան հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն նախատեսում են արտահանել նաև ԱՄՆ:
Դ.Հարությունյանը տեղեկացրեց, որ գործարանը ԽՍՀՄ տարիներին հանդիսացել է Կովկասի ամենախոշոր պահածո արտադրողը: Սակայն այսօր գործարանը աշխատում է նախկին հզորության 2-3 տոկոսի չափով:Եթե նախկինում 12 արտադրամաս կար, ապա այսօր 2-3 արտադրամաս: Ներկայում գործարանում աշխատում է 150 մարդ, իսկ հաջորդ տարի նախատեսում են հասցնել 300-ի: Նշեց նաև, որ միջին աշխատավարձը 110 հազար դրամ է:
«Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը նշեց, որ խորհրդային տարիներին գործարանը եղել հանրապետության խոշոր գործարաններից մեկը: Նրա խոսքերով, այսօր իրենք փորձում են այս գործարանի աշխատանքներին աջակցել, աշխատանքները վերսկսել և վերագործարկել:
Ըստ նրա` այս տարվա հունիսին հաստատվել է «Լևոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագիրը, որով սահմանված գումարային չափը 200 մլն դրամ է. այն կուղղվի մթերմանը և որոշ սարքավորումների ձեռքբերմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը