Ռազմական փորձագետ. անօդաչու ԹՍ-երի ոչնչացման դեպքեր նախկինում էլ են եղել
«Սահմանի խախտման դեպքեր գրանցվել են և այս տարի, և անցած տարիներին: Անօդաչու թռչող սարքերը, երբ հետախուզություն են կատարում, մեզ անմիջական վտանգ չեն ներկայացնում»,- այսօր անդրադառնալով ԼՂՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից ադրբեջանական անօդաչու թռչող սարքը ոչնչացնելու փաստին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Այնուհետև ավելացրեց, որ թեև չկան պաշտոնական հրապարակումներ նախկինում նմանատիպ սարքեր ոչնչացնելու մասին, սակայն ինքը համոզված է, դեպքեր եղել են: «Կախված տեսակից, դեպքից, օրվանից և խնդրից, միշտ չէ, որ կարելի է դա բացահայտել և ցուցադրել»,- նշեց փորձագետը:
«Երբ պետական սահման կա և պետական սահմանին կանգնած է հայ զինվորը, դա արդեն ինչ-որ չափով գաղտնիք է` ուրվագիծը, որոշակի տեղադրություններ և այլն: Եթե օդային սահմանը խախտվել է, մի քանի բացառիկ դեպքերում իրավասու ես զգուշացնել, մնացած դեպքերում, եթե պատերազմ է և անօդաչու թռչող սարքը հստակ հետախուզության համար է եկել, սա կարելի է ռազմական ներխուժում համարել»,-որակեց Ա. Հովհաննիսյանը տեղի ունեցածը:
Փորձագետը նաև նշեց, որ կործանված սարքը 2011 թվականի մարտի արտադրության է, ինչը նշանակում է, որ «Հերմես 450» մոդելի անօդաչու թռչող սարքերի վերջին մոդելներից է և բավականին թանկ արժե:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը