ՀՔԾ պետի տեղակալի որդին բերման է ենթարկվել
Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե իր որդին անդամ է այսօր առավոտյան Երևանում վնասազերծված ծանր հանցագործների խմբի: «Բացահայտ զրպարտություն է», -նշում են ՀՔԾ-ից և հավելում, որ ՀՔԾ պետը պատրաստվում է դիմել դատարան:
Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդու` մասնակցությանը այդ ավազակախմբին, Panorama.am-ին ՀՔԾ-ից ասացին, որ Մարսել Մաթևոսյանի որդին բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն չհստակեցրին, թե ինչ գործի շրջանակներում և ինչ պատճառներով: «Մարսել Մաթևոսյանի որդին բերման է ենթարկվել ավելի ուշ և ոչ այդ գործողությունների ժամանակ: Պատճառների մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ», -փոխանցեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության (ԿՀԴՊՎ) աշխատակիցների կողմից ավազակախումբ է վնասազերծվել: Ըստ նախնական տեղեկությունների, վնասազերծված ծանր հանցագործների խումբը շատ սերտ կապեր ունի վերջին շրջանում հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաների տների վրա կատարված ավազակային հարձակումների հետ: Հիշեցնենք, որ նման ավազակային հարձակումներ են կատարվել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երևանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն Էդուարդ Բեզոյանի, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանների վրա, որի ժամանակ գողացել էին հսկայական գումարներ ու թանկարժեք իրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց