Թուրքական մամուլ. Ֆրանսիայի խորհրդարանը կվավերացնի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Թուրքական լրատվամիջոցները անդրադարձել են Ֆրանսիայի խորհրդարանում դեկտեմբերի 19-ին քննարկվելիք այն օրինագծին, որը քրեականացնում է ցեղասպանությունների (այդ թվում և` հայոց) ժխտումը և ժխտողների համար սահմանում 45.000 եվրո տուգանք` մեկ տարի ազատազրկմամբ:
Թուրքական մամուլը (Zaman, CnnTurk, Hurriyet) համոզված նշում է, որ դեկտեմբերի 19-ին ֆրանսիացի օրենսդիրը վավերացնելու է օրենքի առաջարկված նախագիծը: Թուրքերը մտավախություն ունեն, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջվա նման այլևս չի ընդդիմանա հիշյալ օրինագծի ընդունմանը և չի խոչընդոտի, որպեսզի սենատը վավերացնի այն:
Մասնավորապես «Hurriyet»-ը գրում է, որ Սարկոզիի երևանյան այցելությունից արդեն հստակ երևաց, որ նրա դիրքորոշումը փոխվել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում: Ու քանի որ առջևում նախագահական ընտրություններն են, իսկ Սարկոզիի մրցակից սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Հոլանդն էլ խոստացել է ընտրվելուն պես դրական ընթացք տալ վերոնշյալ օրինագծին, թուրքերի գնահատմամբ` Սարկոզին արդեն կանաչ լույս է վառել Հայոց ցեղասպանությունը հերքողներին պատիժ նախատեսող օրինագծի առաջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատի իրավական հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին ընդունել էր Վալերի Բոյերի ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ տարածել էր հաղորդագրություն` հույս հայտնելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները վնասող այդօրինակ քայլերը շարունակություն չեն ունենա, և Ֆրանսիան կառուցողական ներդրում կունենա, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա պատմական բնույթի տարաձայնությունը հարթվի երկխոսության ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց