Արամ Սարգսյանը չի բացառում, որ մայիսի 7-ը կլինի ընդվզումների օր
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում որոշվելու է Հայաստանի ապագան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ որքան էլ ասվի, որ ընտրարշավը խաղաղ է անցնում, այդուհանդերձ, գոյություն ունի ներքին ինտրիգ: «Չեմ բացառում, որ մայիսի 7-ը լինի ընդվզումների օր, քանի որ իբր քաղաքակիրթ մթնոլորտում է անցնում, սակայն ոչ մի արատ նախորդ ընտրություններիc համարյա չի վերացել: Խոսքը վերաբերում է հատկապես համատարած ընտրակաշառքների բաժանմանը»,- նշեց Ա.Սարգսյանը:
Նրա համար զարմանալի է նաև այն, որ ոխերիմ թշնամիները կարող են դառնալ «ոխերիմ» բարեկամներ: «Խոսքը այն կուսակցությունների մասին է, որոնք բացահայտ հայտարարում են, որ կարող են կոալիցիա կազմել: Դրանք են ՀԱԿ-ՀՅԴ-ԲՀԿ-ն»,- նշեց Սարգսյանը: Նրա խոսքերով՝ սրանով պարզ է դառնում, որ իրենց քաղաքական գծում սկզբունքը և գաղափարախոսությունն այս դեպքում նշանակություն չունի, և իրենց նպատակը միայն իշխանությունը վերցնելն է: «Սա արդեն իսկ վտանգավոր երևույթ է»,- ասաց նա:
Ա.Սարգսյանը նշեց, որ Դեմկուսը չի հեռացել իր գաղափարախոսությունից, պաշտպանել է իր ծրագիրը, որի արդյունքում ձեռք է բերել լուրջ ընտրազանգված: «Մենք համոզված ենք, որ ունենք մեծ ընտրազանգված, ում տեսակն անհրաժեշտություն է. մարդիկ, ովքեր անկաշառ են, ովքեր ինքնուրույն են մտածում, ովքեր հասկացան, որ մեր տեսակի կարիքը կա»,- նշեց Դեմկուսի առաջնորդը:
Նա դժվարացավ ասել, թե կուսակցությունը քանի տոկոս ձայն կհավաքի, սակայն համոզված է, որ եթե նկարչություն չլինի, ապա ընտրողների ընդհանուր թվի 30 տոկոսը կամ 700 000-ից ավելին, ինքնուրույն մտածող ընտրողներից 10 տոկոսը ձայն կտա Դեմկուսին: Ա. Սարգսյանի խոսքերով` արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում գոնե համոզված կլինեն, որ մարդիկ սեփական կամքով եկել և ընտրել են: