Իրանի փոխնախագահ. Միջամտող պետությունները ցանկանում են կրկնել Սիրիայում այն տարբերակը, որ իրականացրել են Լիբիայում
Օտար պետությունների միջամտությունը, հատկապես ընդդիմադիր ուժերի զինումը, որևէ կերպ չի կարող լուծել Սիրիայում ստեղծված իրավիճակը, այլ ընդհակառակը` վիճակն ավելի կբարդացնի: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը: Ըստ նրա, այն գործընթացները, որոնք սկսվել են Սիրիայում, հատկապես խորհրդարանական ընտրություններով ու կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններով, թույլ են տալիս աջակցություն ցուցաբերել այդ գործընթացներին:
«Այն ծրագիրը, որը առաջարկվել է Քոֆի Անանի (ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի (Արաբական պետությունների լիգա) հատուկ պատվիրակ) կողմից ու հավանության արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, կարող է հաջողության պսակվել, եթե չլինի օտար երկրների միջամտությունը: Միջամտող պետությունները ցանկանում են կրկնել Սիրիայում այն տարբերակը, որ իրականացրել են Լիբիայում: Սակայն այդ ամենը միտված է Իսրայել պետությանն օգնելուն, նպաստելուն, ոչ թե Սիրիայի խնդիրները լուծելուն»,-ասաց Իրանի փոխնախագահը: Ըստ նրա, պետք է պաշտպանել Քոֆի Անանի նախագիծը, նպաստել Սիրիայում քաղաքական և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, արգելել որևէ զինամթերքի, զենքերի մուտքը Սիրիա: Նա հույս հայտնեց, որ միջազգային կազմակերպությունները ունեն այն կարողությունը, որպեսզի իրականացնեն Քոֆի Անանի առաջարկած ծրագիր:
Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի խոսքով, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը գրեթե բացառում են, որ Արևմտյան պետությունները որոշեն ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում: «Դա տեղի չի ունենա»,- ասաց նա, ապա շարունակեց. «Իրանը օգտագործում է իր բոլոր ջանքերը Սիրիայի իշխանությունների ու ընդդիմադիր ուժերի միջև երկխոսություն ձևավորելու ու զարգացնելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ