«Իմ Հայաստան» փառատոնը Հայաստան «կբերի» սփյուռքահայ հայտնի դուդուկահարների
Սեպտեմբերի 6-ին, 11-ին, 13-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես են գալու սփյուռքահայ երեք անհատ կատարողներ, սեպտեմբերի 14-18-ը անցկացվելու է «Դուդուկի համահայկական փառատոն», հոկտեմբերի 4-6-ը` «Լրագրողների համահայկական VI համաժողով»:
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական առաջին փառատոնը, որի ընթացքում աշխարհի 20 երկրից ավելի քան 1500 սփյուռքահայ ելույթ են ունենալու հայ հանդիսականի առջև: Կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն, հունիսի 29-ից հուլիսի 10-ն արդեն անցկացվել են Պարարվեստի օրեր», օգոստոսի 9-14-ը` «Երգչախմբային արվեստի օրեր»:
Նրա տեղեկացմամբ, «Դուդուկի համահայկական փառատոնի» շրջանակներում նախատեսված է 8 համերգ, այդ թվում նաև Գյումրիում, Գավառում: Փառատոնին մասնակցելու համար տարբեր երկրներից (Արգենտինա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հունաստան) 10 հայտ են ստացել: Փառատոնի ղեկավարի խոսքով, սպասվում է, որ սփյուռքահայ շատ հայտնի դուդուկահարներ են ելույթ ունենալու հայաստանցի հանդիսականի համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փառատոնի շրջանակներում փառատոնի կազմակերպիչները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգում ուզում են բացել դուդուկի խորհրդանշական արձան և բացման օրն էլ հայտարարել դուդուկի համահայկական օր: «Մենք փառատոնի շրջանակներում կհայտարարենք արձանի տեղադրելու մասին մրցույթ»,- ասաց Ս. Հարոյանը:
Նախորդող նորություն` «Իմ Հայաստան». 1500 սփյուռքահայ ելույթ են ունենալու հայ հանդիսականի առջև