«Հաղթահարելով գիշերը». Կանայք մութ ու խուլ գետնանցումներում
Նախօրեին ուշ երեկոյան «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ակտիվիստները, կանանց միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շարքում, մայրաքաղաքի մութ ու խուլ տարբեր անկյուններում, այդ թվում և գետնանցումներում, իրականացրեցին հերթական ակցիան`«Հաղթահարելով գիշերը» խորագրով:
Panorama.am-ի հետ զրույցում կենտրոնի աշխատակից Անուշ Պողոսյանը պատմեց, որ միջոցառման հիմնական նպատակն էր քայլել այն բոլոր տեղերով, որտեղ կանայք սովորաբար խուսափում են ուշ ժամերին լինել, քանի որ սեռական և այլ բռնությունների դեպքերի մեծ մասը հենց այդ վայրերում են արձանագրվում.
«Ընտրել էինք այդ ուշ ժամը, քանի որ սովորաբար կանայք երեկոյան ուշ խուսափում են գտնվել փողոցում և չեն այցելում սիրված վայրերը միայն այն պատճառով, որ վախենում են ոտնձգություններից»,- պատմեց նա:
Ա. Պողոսյանը շեշտեց` կանայք ևս իրավունք ունեն ցանկացած ժամի այցելել ցանկացած վայր և չխուսափել դա անելուց միայն այն բանի համար, թե կին են ծնվել:
ՀԿ-ի ակտիվիստները ու նրանց համախոհները ուշ երեկոյան անցել են Երևանի կենտրոնի գրեթե բոլոր գետնանցումներով, «Լունապարկի» և Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող զբոսայգիներով, որտեղ երեկոյան ժամերին հաստատ միայնակ քայլող կանանց դժվար է հանդիպելը և ավարտել միջոցառումը Մանկական երկաթուղիում:
Ի դեպ, գենդերային հավասարության մասին տարաբնույթ միջոցառումներով բարձրաձայնող հկ-ի տարածած հաղորդագրությունում նշված էր. «Միջոցառման մասնակիցներ կարող են լինել միայն կանայք»: Հետաքրքրվեցինք` արդյոք սա անհավասարության դրսևորում չէ.
«Ընդհանրապես մեր բոլոր ակցիաները հրապարակային են և դրանց կարող են մասնակցել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Պարզապես կոնկրետ երեկվա ակցիային ինչու էինք միայն կանանց հրավիրել, որովհետև հիմնականում կանայք են բռնության, սեռական ոտնձգության և այլ ագրեսիվ դրսևորումների զոհ դառնում և միմիայն դա էր նպատակը, որ քայլելու հրավիրել էինք կանանց»,- պարզաբանեց Ա.Պողոսյանը:
Իսկ արդյո՞ք նմանատիպ միջոցառումները տալիս են ցանկալի արդյունքը, այսինքն` հասարակական կարծիքը փոխվում է, կանանց նկատմամբ վերաբերմունքն էլ հետը.
«Իսկապես դրական արդյունքներ ունենք, որովհետև մարդիկ տեսնում են ակցիաները, միանում են դրանց` դրսում ակցիա անցկացնելը վիզուալ առումով ազդեցիկ է»,- նշեց նա:
Ի դեպ, միամսյակի շրջանակում կազմակերպված միջոցառումներից հաջորդը քննարկման տեսք է ունենալու` նվիրված մարդու իրավունքներին:
Նախորդիվ`
Չմոռանանք Կլարա Ցետկինին. Երևանի փողոցներում բարձրաձայնվեց գենդերային անհավասարության խնդիրը (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց