Ոստիկանությունը մարտի 1 չկրկնելու նոր ոճեր ու տարբերակներ է մշակում
«Առավոտ»-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվել է, թե ո՞ւմ շնորհիվ Սերժ Սարգսյանի ու միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը մարտի 1 չկրկնվեց, ՀՀ ոստիկանապետը այս հարցում ունեցա՞վ իր լուման: «Միանշանակ շատ մեծ լումա ունեցավ, և բացի այդ` մարտի 1-ը բոլորիս համար դաս եղավ: Ես այսօր չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային, ես ինքս մարտի 1-ին վիրավորվել եմ, դրա մասին չեմ ուզում խոսել, բայց մենք էն ժամանակ պատրաստ չէինք, մենք փորձ չունեինք, և այդ ամբոխը, իմիջիայլոց` Ձեզ ասեմ. այն, ինչ դուք տեսաք ամսի 9-ին, դա չէր, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին: Մարտի 1-ին ժողովրդի քանակն ավելի շատ էր, և մենք պատրաստ չէինք: Դրա համար էլ ոստիկանության բավական մեծ քանակությամբ աշխատողներից մենք վիրավորներ ունեինք, շատ-շատ վիրավորներ ունեինք և ինչու չէ` զոհված էլ մարդ ունեինք»,-ասաց պարոն Բաբակեխյանը` հավելելով, որ ոստիկանությունն էլ նման իրավիճակների համար կամաց-կամաց փորձ է ձեռք բերում, նոր տարբերակներ ու ոճեր է մշակում: