«Իդեալ»-ի սեփականատեր Նորիկ Խաչատրյանն աշխատողների հաշվին խնայողություններ է անում
Իդեալ խանութների ցանցի սեփականատեր, ԻՄԷՔՍ գրուպի փայատեր Նորիկ Խաչատրյանն անցել է խնայող ռեժիմի: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ իրեն պատկանող արտադրական ընկերությունում գործարարի թեթև ձեռամբ աջ ու ձախ կրճատումներ են: Գործարարի մոտ անսպասելի արտասովոր վարքն սկսել է դրսևորվել դեռ անցած տարեվերջին, ասում են իր հետո հաճախ առնչվող մարդիկ:
Ասում են՝ աշխատակիցներն այս ամենը կապում են ոչ այնքան շեֆի տրամադրության անկումի, որքան նրա դրամական կորուստների հետ: Բանն այն է, որ Նորիկ Խաչատրյանին, ով վերջին տասնամյակում հազվագյուտ հաջողակ գործարարի համբավ է վայելում, այսպես ասած, քցել են իր չինացի գործընկերները:
Խողովակների արտադրության մեջ օգտագործվող հումքը, որ ձեռք է բերվել Չինաստանից, եղել է կեղծ փոշի: Բայց այդ, այս ամենը նրան հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ ահռելի ծավալի արտադրական հումքը մի քանի անգամ փչացնելուց հետո արտադրության պատասխանատու մի շարք աշխատակիցներ սիստեմատիկ անհարկի կշտամբանքներին ու աշխատավարձերի պահումներին այլևս չդիմանալով՝ պահանջել են, որպեսզի չարաբաստիկ հումքը կրկին լաբորատոր փորձաքննության ենթարկեն:
Պարզվել է՝ հումքի պարունակության մեջ ավելի քան 70 %-ը եղել է պարզապես կավճանման նյութ: Ասում են ոչ հաճելի եզրակացությունը եղել է շատ ավելի ուշ, իսկ մինչ այդ կլորիկ պահումներից զզված մոտ 9 աշխատակից ազատման դիմում է գրել, թողել գնացել է:
«Ցավալին էն ա, որ էդ խելացի երիտասարդները ամեն մեկը մի տան սյուն էին, զզված թողեցին դուրս եկան, մի քանիսն էլ գնացին խոպան ՝ Ռուսաստան …Ու ինչի համար, որ իրենց խոսքին հավատացող չեղավ էդ հիմնարկում»,- նեղսրտած պատմում է աշխատանքից ազատվածներից մեկի ծնողը՝ հանգամանորեն մեկ երկու դրվագ պատմելով, թե ինչպես է Նորիկ Խաչատրյանի զարմիկը դերակատարություն ունեցել այդ ամենում:
Փաստորեն Արթուր Մանուչարյան անունով երիտասարդը, որին վերջերս են նշանակել արտադրության պետ, իր անփորձ լինելու պատճառով մշտապես ապատեղեկատվություն է տրամադրել շեֆերին, դա էլ կարճ ժամանակ անց հանգեցրել է մի շարք հին աշխատակիցների գործազուրկ դառնալուն:
Իմ աղբյուրների փոխանցմամբ՝ չինացի անբարեխիղճ գործընկերը հրաժարվել է վերադարձնել 50 000 դոլարը, ինչից հետո խաբված գործարարը դիմել է չինական ապրանքահումքային բորսային, բայց անարդյունք: Ու որպեսզի մի քանի տասնյակ տոննա բեռը կրկին մաքսեր ու տուրքեր վճարելով չվերադարձվի այնտեղ, որտեղից բերվել է, ճկուն գործարարը նախընտրել է կավճանյութն, այնուամենայնիվ, սպառել արտադրության մեջ՝ թույլատրելի չափաբաժնով:
Կապ հաստատեցի գործարար Նորիկ Խաչատրյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար, թե որքանո՞վ է իմ ունեցած տեղեկատվությունը հավաստի, ճի՞շտ է արդյոք, որ աշխատանքից ազատվածները ծպտված աշխատել են ՝ ժամանակ առ ժամանակ աշխատավարձից 50 000-ից մինչև 60 000 դրամ չպատճառաբանված պահումներով և դա այն դեպքում, երբ նրանց աշխատանքային պայմանագրում չկա այդ մասին որևէ նշում, սակայն պարոն Խաչատրյանն առանց լսելու հարցը շտապեց հայտարարել, որ ինքը չի պատրաստվում որևէ մեկնաբանություն կամ հարցազրույց տալ:
Հիշեցնեմ, ԻՄԷՔՍ գրուպը, որի փայատերերից մեկը հանդիսանում է Նորիկ Խաչատրյանը, իր մեջ ներառում է շուրջ 11-ից ավելի բրենդային խանութների ցանց: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Նորիկ Խաչատրյանի այսպիսի հաջողությունների հիմքում իր մեծ ներդրումն ունի Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով ևս թաքնված կերպով փայատերերից է:
Հեղ՝ Սյուզի Բադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ