Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողը զենքով չի եղել. Ընտանիքն անհանգիստ վիճակում է
Ադրբեջանի տարածքում միամտաբար հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից է: Հայրը` Գևորգ Ինջիղուլյանն այսօր հանդիպել է Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
«Հիմա նրանց հարազատությունը հավաքվել է իրանց տանը: Տղայի հայրը հանդիպել է Խաչատուրովի հետ, խոստացել են, որ ամեն ինչ կանեն երեխուն հետ բերելու համար: Իրենց ասելով՝ երեխեն գնացել ա ջուր բերելու ու կորցրել ա տեղանքը, սահմանն անցել ա, բռնել-տարել են: Կարևորը, որ զենք չի եղել մոտը»,- փոխանցեց գյուղապետը:
Հիշեցնենք` ըստ պաշտոնական հաղորդագրության օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակից Panorama.am-ին ասել էին, որ Ադրբեջանի իրենց գործընկերները կատարվածի մասին տեղյակ են, սակայն այդ երկրում այսօր ոչ աշխատանքային օր է այդ իսկ պատճառով էլ զինծառայողի հետ հանդիպում տեղի չի ունեցել:
Գյուղապետն ասաց, որ Ինջիղուլյանները Ոսկեվազ են ներգաղթել Պարսկաստանից դեռ 40-ական թվականների կեսերին: Այժմ, ըստ գյուղապետի, Ինջիղուլյանների ընտանիքը «խեղճ ապրող» ընտանիք է` հողագործությամբ են զբաղվում: Հակոբն ունի մեկ փոքրիկ քույր (13 տարեկան) և մեկ եղբայր, որը նրանից ավելի շուտ է ծառայել բանակում: «Շատ խելոք, շատ նորմալ ընտանիք է: Հակոբի մայրն է հիմա թուլացած վիճակում, բայց բոլորս էլ ուժ ենք տալիս ծնողներին: Մեր բոլորի ուշադրության կենտրոնում են հիմա իրանք»,- հավելեց Հովհաննիսյանը:
կարդացեք նաև` Զինծառայողը հայտնվել է ադրբեջանական տարածքում
Կարմիր խաչում զինծառայողի մասին տեղեկություն չունեն. Արդբեջանում ոչ աշխատանքային օր է
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները