Ռ. Սիկորսկի. «Հայաստանի որոշման լույսի ներքո մյուս պետությունները պետք է արագացնեն եվրոպական ինտեգրման տեմպերը»
Եվրամիությունը դժգոհ է Վիլնյուսի գագաթաժողովից առաջ Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման տեմպերից: Այս մասին «LB.ua» ուկրաինական լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Մենք ամփոփել ենք Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստությունները: Հայաստանի կայացրած որոշման լույսի ներքո մյուս պետությունները, որոնք ցանկանում են ավարտել բանակցությունները և ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, պետք է առաջիկա շաբաթներին կրկնապատկեն ջանքերը անհրաժեշտ չափանիշների բավարարման ուղղությամբ»,- նշել է Ռ. Սիկորսկին և հավելել, որ Վրաստանն ու Մոլդովան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման համար պետք է շարունակեն դավանել եվրոպական արժեքներ:
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար Ուկրաինան պետք է կատարի երեք անհրաժեշտ պահանջներ` հրաժարում ընտրողական արդարադատությունից, դատախազության համակարգի բարեփոխում և ընտրական օրենսդրության թափանցիկության ապահովում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը: