Զեկույց. Սաուդյան Արաբիայի հետախուզության պետը Պուտինին առաջարկել է հետաձգել «Ժնև-2»-ը
Սաուդյան Արաբիայի հետախուզության պետ արքայազն Բանդար բին Սուլթանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է հետաձգել «Ժնև-2» համաժողովը, որը նախատեսված է հունվարի 22-ին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Լիբանանի իշխանություններին հանձնված դիվանագիտական զեկույցին: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին Պուտինի մերձմոսկովյան նստավայրում:
Բանդարը Պուտինին օգնություն է առաջարկել ծայրահեղական իսլամիստների դեմ պայքարում, ինչպես նաև կանխել դրանց ազդեցության տարածումը Սիրիայի ընդդիմության շարքերում: Դրա դիմաց արքայազնը Պուտինից աջակցություն է ակնկալում Բաշար Ասադի իշխանության տապալման գործում:
Թերթը գրում է, որ ՌԴ նախագահը վերջնական պատասխան չի տվել` շեշտելով բոլոր առանցքային դերակատարների մասնակցությամբ «Ժնև-2»-ի անցկացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ սաուդցի արքայազնը հայտարարել է, որ Սիրիայի հարցին նվիրված համաժողովը հաջողություն կունենա որոշակի պայմանների դեպքում: Առաջին հերթին նա անդրադարձել է Իրանի` խաղաղ բանակցություններին մասնակցելու հարցին: Բանդարի խոսքով, Թեհրանը կարող է «շահարկել Արևմուտքի հետ ձեռք բերված համաձայնությունը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը»:
Երկրորդ պայմանով Սաուդյան Արաբիան առաջարկում է հետաձգել «Ժնև-2»-ի անցկացման ժամկետները: Արքայազնը վստահ է, որ Սաուդյան Արաբիան կարող է Սիրիայի վարչակարգի հետ բանակցություններում իր դիրքերը բարելավել զինված ընդդիմության ռազմական հաջողությունների դեպքում:
Իսկ երրորդ կետն այն է, որ «Ժնև-2»-ը պետք է հենվի Ժնևի առաջին համաժողովի որոշումների վրա, որով նախատեսվում էր երկրում ստեղծել անցումային կառավարություն:
Թերթը նշում է, որ Պուտինը կասկածներ է հայտնել Սաուդյան Արաբիայի առաջարկած պայմանների, հատկապես երրորդ կետի կատարման վերաբերյալ: Թեև տարաձայնություններին` կողմերն այնումանայնիվ շեշտել են Սիրիայում և ընդհանրապես տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև հարցը քաղաքական, և ոչ թե ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց