Փորձագետ. ՀՀ-ն զարգացնում է ռազմական համագործակցությունը բոլոր ուղղություններով
«Չինաստանը ռազմատեխնիկական առումով աշխարհում առաջատարներից է և այդ տեսանկյունից, նրա հետ ռազմա-տեխնիկական համագործակցության խորացումը կարևոր է: Նշեմ նաև, որ ռազմական համագործակցության առումով Չինաստանն ու Ռուսաստանը համագործակցում են և հաշվի առնելով ՀՀ-ՌԴ խորը համագործակցության փորձը մեզ համար արդյունավետ կլինի նաև Չինաստանի հետ այդ ոլորտում կապերի խորացումը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչով է կարևորվում ՀՀ պաշտպանության նախարարի Չինաստան կատարած այցը և ինչ հեռանկարներ եք տեսնում երկու երկրների համագործակցության հարցում, ասաց ռազմական փորձագետ Դավիթ Սոֆյանը:
Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան, որտեղ հանդիպելու է ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նրա խոսքերով, Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացումը միանշանակ Հայաստանի օգտին է, ինչը թույլ կտա չինական ռազմական պոտենցիալից օգուտներ քաղել:
«Չմոռանանք, որ ամեն տարի Չինաստանում ռազմական կրթություն են ստանում ու կատարելագործվում մեծ թվով հայ սպաներ և այդ տեսանկյունից, չինական ռազմական ակադեմիան աշխարհում լավագույն դարբնոցներից է»,- նշեց Դ. Սոֆյանը:
Ռազմական փորձագետը նաև նկատեց, որ չնայած այն հանգամանքին, որ ռազմա-տեխնիկական համագործակցության առումով, Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է, սակայն Հայաստանը միաժամանակ այդ ուղղությամբ համագործակցություն է զարգացնում ինչպես Չինաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ:
Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ, լրատվամիջոցներում տեղեկություններ հյատնվեց այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը կարող են համալրվել համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի. խոսքը «Թայֆուն» տեսակի հրթիռային առավել արդիականացված` չինական արտադրության AR1A համալիրների մասին էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց