Ալժիրում նախագահական ընտրություններն ուղեկցվում են բազմաթիվ բախումներով
Ալժիրում նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել էին այսօր առավոտյան, ուղեկցվում են ընդդիմության և անվտանգության աշխատակիցների միջև բախումներով, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Երիտասարդ անջատողականների խմբավորումները խանգարում են ընտրական գործընթացին` տարբեր նահանգների ընտրատեղամասերում այրելով քվեատուփերը:
«Անկարգությունների հետևանքով վիրավորվել է 41 մարդ, այդ թվում 28 ոստիկան: Որոշ ընտրատեղամասերում ժամանակավորապես դադարեցվել է ընտրական գործընթացը»,-ասել է գործակալության աղբյուրը:
Մայրաքաղաքում, որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ անվտանգության ուժեր, ոստիկանությունը ձերբակալել է 5 ցուցարարի, ովքեր հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել:
Նշենք, որ քվեարկության իրավունք ունեցող Ալժիրի 23 մլն բնակչության համար տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել էր ավելի քան 50.000 ընտրատեղամաս:
Ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել գործող նախագահ, 77-ամյա Աբդելազիզ Բուտեֆլիկան, ով Ալժիրը ղեկավարում է 1999 թվականից և հավակնում է նախագահական չորրորդ մանդատին` 5-ամյա ժամկետով: Նրա գլխավոր հակառակորդը 69-ամյա Ալի Բենֆլիսն է, ով առաջադրվել է որպես անկախ թեկնածու:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ ընտրողների ձայների 50%-ից ավելին: Եթե շեմը չհաղթահարվի, անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլը: