Օբաման ստորագրել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանի՝ Նյու Յորք մուտք գործելն արգելող օրինագիծը
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանի՝ Նյու Յորք մուտք գործելն արգելող օրինագիծը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրինագծի՝ այն անձինք, որոնք նախկինում կապ են ունեցել ահաբեկչական գործողությունների հետ, նրանց մուտքն արգելվում է Միացյալ Նահանգներ: Սակայն, «ասրիրան.քոմ»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում ԻԻՀ նոր դեսպանի անունը բացակայում է սույն օրինագծում:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իրանը Համիդ Աբութալեբիին նշանակեց ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան, ԱՄՆ սենատորներից մեկը՝ Թեդ Քրուզը, իրանցի դիվանագետին ահաբեկիչ անվանեց, որից հետո ԱՄՆ Կոնգրեսը ձեռնամուխ եղավ նրա մուտքը Նյու Յորք արգելելու գործընթացին: Ամերիկյան կողմն իր այդ գործողությունը պատճառաբանում է այն հանգամանքով, որ Աբութալեբին 1979թ. մասնակցել է Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավմանը:
Ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների՝ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանը չի պատրաստվում փոխել ՄԱԿ-ում իր նոր դեսպանի թեկնածուին:
Հավելենք, որ1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ:
Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին: Ամեն տարի նոյեմբերի 4-ը (աբանի 13) Իրանում նշում են Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավման օր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան