Պուտինը ստորագրել է Ղրիմի թաթարների, հայերի և այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ստալինյան բռնաճնշումներից տուժած Ղրիմի թաթարների, հայերի, գերմանացիների և հույների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր, հաղորդում է «Լենտա.ռու» լրատվական գործակալությունը:
«Կցանկանայի տեղեկացնել գործընկերներին, որ ստորագրել եմ Ղրիմի ղրիմ-թաթարական բնակչության, հայ բնակչության, գերմանացիների, հույների և ստալինյան բռնաճնշումներից բոլոր տուժածների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նաև հայտնել է, որ այդ հրամանագրում ներկայացված են որոշ տարածքների սոցիալ-տնտեսական բարեկարգման միջոցառումներ, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին, անգամ տասնամյակներով լքված են եղել և չեն ձևակերպվել ինչպես իրավաբանորեն, այնպես էլ չեն զարգացել սոցիալապես, այլ միայն հետընթաց են ապրել:
Նշենք, որ ռեաբիլիտացիա իրավաբանորեն նշանակում է նախկինում ոտնահարված բոլոր իրավունքների և բարի համբավի ամբողջական վերականգնում, ինչպես նաև նախկինում այս կամ այն արարքի մեջ անհիմն մեղադրանքների անվավեր ճանաչում:
1944թ.-ին Ղրիմը ֆաշիստական զորքերից ազատագրելուց անմիջապես հետո ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) կողմից իրականացվել է տեղի ժողովուրդների զանգվածային տեղահանություն: Պաշտոնական հիմնավորմամբ` Ղրիմի թաթարական բնակչությունը ակտիվորեն կամավոր աջակցել է ֆաշիստական զորքերին և կռվել խորհրդային բանակի դեմ:
Տարբեր տվյալներով` Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի խորհրդային հանրապետություններ և այլ վայրեր են արտաքսվել մոտ 180 հազար Ղրիմի թաթարներ: Արտաքսման ենթակա ղրիմի թաթարների միևնույն ցուցակում են եղել նաև գնչուներ և թուրքեր: Ղրիմի թաթարներին արտաքսելուց հետո մեկ այլ հրամանագրով տեղահանվել են տասնյակ հազարավորհայեր, հույներ և բուլղարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ