Սիրիայի ընդդիմությունը Սաուդյան Արաբիային խնդրել է մեծացնել օգնությունը
Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմադ Ջարբան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սալման բին Աբդուլազիզի և ԱԳ նախարար արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալի հետ հանդիպման ժամանակ միապետությանը խնդրել է մեծացնել իր աջակցությունը Սիրիայի ազատ բանակին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Կողմերը բանակցում են Սիրիայի ազատ բանակն ուժեղացնելու, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի տրամադրած օգնության հարցերի շուրջ»,-France Presse-ին ասել է Ջարբայի խորհրդական Մոնսեր Ակբիկը` շեշտելով, որ ավելի շատ օգնություն է անհրաժեշտ «Հեզբոլլահի» և իրաքցի զինյալների ու վարձկանների աճող թվի դեմ պայքարելու համար:
«Սիրիայի ազատ բանակը կռվում է նաև «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստների դեմ, ովքեր ծառայում են վարչակարգի շահերին»,-ավելացրել է Ակբիկը:
Հանդիպման ժամանակ Ջարբան արքայազն Սալմանին ասել է, որ հունիսի 3-ին նախատեսված նախագահական ընտրությունները «փակում են ճգնաժամի քաղաքական ցանկացած լուծման դռները»:
Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 3-ին: Սիրիայի իշխանությունների այս որոշումը քննադատել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ՄԱԿ-ը, ԵՄ-ն: Ապրիլի 23-ին հայտնի է դարձել առաջին թեկնածուի անունը` պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջար: Ասադը դեռ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։
Ի դեպ, Սիրիայի խորհրդարանը մարտին ընդունել էր օրենք, որով երկրի պատմության մեջ առաջին անգամ թույլ տրվում ընտրություններին մասնակցել մի քանի թեկնածուի: Օրենքի համաձայն` նախագահի թեկնածուն կարող է լինել 40 տարին լրացած, վերջին 10 տարում Սիրիայում բնակված յուրաքանչյուր ոք, ով չունի օտարերկրյա քաղաքացիություն և ստացել է 250 պատգամավորներից գոնե 35-ի աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց