«Այս տանն ապրել է» հուշատախտակ` լրիվ ուրիշ տան պատին (Լուսանկարներ)
Երևանի Արամի փողոցի նորակառույց շենքերից մեկի վրա տեղադվեց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի հուշատախտակը: Ճարտարապետը ժամանակին այդ հատվածում եղած տանն ապրել է 1911 թվականից: Այն տունը, որտեղ ծնվել է Գևորգ Մուշեղյանը, այսօր չկա. նրա հուշատախտակն էլ տեղադրված է էլիտար շենքի վրա:
Հուշատախտակը հեղինակել է ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նպատակը տեղեկատվություն տալն է:
«Ես մտովի էքսկուրս կատարեցի երևանյան մյուս հուշաքարերի շրջանում: Նկատեցի, որ կան այնպիսինները, որ շատ անդեմ են: Կան նաև ճիշտ հակառակը` այնքան է պճնված, որ կորչում է տեղեկատվությունը: Ես փորձեցի դրանց արանքում ֆիքսել Գևորգ Մուշեղյան մարդուն»,- ասաց ճարտարապետը:
Նրա կարծիքով, կարևոր էր, որ հուշաքարը ցցուն չլինի, համահունչ լինի արդեն կայացած միջավայրին` անկախ նրանից հավանում ենք այդ միջավայրը, թե` ոչ:
Panorama.am-ի թղթակցի դիտարկմանը` հուշատախտակը դրվում է մի տան վրա, որտեղ իրականում չի ապրել մարդը և սա առաջին դեպքը չէ, որքանո՞վ է դա ճիշտ մոտեցում, նա արձագանքեց. «Շատ ճիշտ հարցադրում է: Սա եղել է իրենց բակը: Հիմա` եթե գրեինք «այս բակում ապրել է», բակն էլ չկա… «շենքում», շենքն էլ չկա, «այստեղ»` շատ վերացական է. այս պատի՞ն, թե՞ այս մայթին: Ցավոք սրտի, դա այդպես է, որովհետև չենք կարողանում պահպանել տունը, հին թաղամասը: Փառք Աստծո, որ այս մի պատիկն էլ եղավ, եթե լիներ ապակի, տեղ էլ չէինք ունենա»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այսպես գոնե մարդու հետքն է մնում:
«Երբեմն ասում են նույնիսկ, որ արդեն քաղաքը, ասես, գերեզմանատուն լինի, բայց լավ բան է: Եթե անցնի մաղով, նոր արվի, լավ կլինի: Ճիշտ է լրիվ ուրիշ տան վրա, բայց տեղանքով այստեղ է: Միևնույն ժամանակ նաև հիշողություն է արթնացնում, որ այս տան տեղում նաև ավելի հին տուն է եղել: Շերտն է ցույց տալիս»:
Նշենք, որ հուշատախտակի բացմանը մասնակցում էր նաև Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Իսկ հուշատախտակը փակցված է մի պատի վրա, որի հետևում` բակում, հին երևանյան տների, հավանաբար նաև այն տան, որտեղ ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է ապրել, համարակալած քարերն են կիտված… անփութորեն լցված իրար վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան