«ԾԻԳ-ի կողմից առանց համապատասխան փաստաթղթերի 546.9 հազար դոլարը փոխանցվել է ենթամատակարարի». ՎՊ
ՀՀ կառավարության աշխատակազմի ցանցային սարքավորումների մատակարարման և տեղադրման գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտմամբ: Այս մասին է փաստում ՀՀ վերահսկիչ պալատի՝ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի վերջին երկու տարիների գործունեությունը ուսումնասիրելու արդյունքում հրապարակած հաշվետվությունը:
Ըստ այդ փաստաթղթի, կառավարության աշխատակազմին սարքավորումների մատակարարման և տեղադրման համար «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը» պայմանագիր է կնքել «Յունիքոմփ» ՓԲԸ-ի հետ, որի արժեքի մի մասը` 546 հազար 959 դոլար (առանց հարկեր) պայմանագրում նշվել է արտարժույթով, իսկ մյուս մասը` 30 միլիոն 366 հազար 240 դրամը հայկական արժույթով:
Պայմանագրով նախատեսված 546 հազար 959 դոլար արժեքով ապրանքների ուղեկցող բոլոր փաստաթղթերը հետագայում ներկայացվել են ենթամատակարար հանդիսացող «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ, Նյուջերսի նահանգ, ք.Մանալապան) անունից:
«ԾԻԳ-ի կողմից առանց համապատասխան փաստաթղթերի 546.9 հազար դոլարը փոխանցվել է ենթամատակարարի` «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության հաշվին, իսկ մաքսազերծման և ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ենթակա գումարները ԾԻԳ-ը վճարել է «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության անունից ՀՀ ներմուծված ապրանքների դիմաց: «Յունիքոմփ» ՓԲԸ–ն, որպես պայմանագրի կողմ ապրանքների մատակարարման վերաբերյալ հաշիվ ապրանքագիր չի ներկայացրել»,- նշված է ՎՊ-ի հաշվետվությունում:
Նախորդիվ`
ՎՊ. Խորհրդարանի համար կահույք է ձեռք բերվել օրենքի խախտմամբ