«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակիցները պարգևատրվել են Արցախում
«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» մասնակիցները մեկնել են Արցախ, ելույթ ունեցել Ստեփանակերտի Մշակույթի տանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Ելույթ են ունեցել Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչյան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի», Լիպեցկի «Կռունկ» պարախմբերը:
ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ պարախմբերին: Նա մասնավորապես ասել է. «Շնորհակալություն Ձեզ, որ ամուր կառչած եք Ձեր արմատներին և կենդանի եք պահում հայ մշակույթը: Քանի դեռ Սփյուռքի գաղթօջախներում, օտար ափերում հնչում է հայկական երաժշտություն, մեր երիտասարդները պարում են հայկական ազգագրական, ժողովրդական պարեր՝ այս ազգն անպարտելի է: Սա լավագույն պատասխանն է և լավագույն ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ»:
Պարախմբերը պարգևատրվել են ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով և փոքրիկ նվերներով:
Արցախից պարախմբերը կմեկնեն Սյունիքի մարզ, երիտասարդական քաղաք հայտարարված Սիսիանում հանդես կգան բացօթյա համերգով, իսկ երեկոյան կլինեն Վայոց ձորի մարզում, կայցելեն Նորավանք:
Նախորդող հրապարակում`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց