Այո, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել. ՊՆ արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է ՀՀ Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցում հնչած որոշ գնահատականներին:
«Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, և պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասինբազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև այն, որ հայկական կողմն առանց որևէ պատճառի երբևիցե առաջինը չի հրահրում իրավիճակի սրում, ապա, այո, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել: Սակայն ինչ վերաբերում է անհամարժեքությանը, ապա այդ գնահատականը կտրականապես անընդունելի է, քանի որ պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ այս դեպքում որպես հիմնական ցուցիչ հանդիսացող հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը:
Լրատվամիջոցներով այդ կորուստների ներկայացման ձևերին և մեթոդներին (ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն իր կորուստները հաճախ հիմնավորում է մտացածին տարբեր պատճառներով), անդրադառնալիս, ըստ էության պետք է նկատի ունենալ, որ դա քաղաքակրթական-բարոյական տարբերության արդյունք է:
Պատերազմական ցանկացած իրավիճակ հրամանատարության համար դիլեմա է, և դա մեր դեպքում շարունակվում է 1994թ.-ից: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր «մեծ ջանքերի և հնարամտության» շնորհիվ է հնարավոր լինում արդյունավետ զսպել ադրբեջանական իշխանությունների նկրտումները և պահպանել ուժերի հարաբերակցությունը, թույլ չտալ հակառակորդին ստանալ ոչ ռազմավարական և ոչ էլ մարտավարական առավելություն: Բանակի խնդիրների լիարժեք կատարման արդյունքում է չեզոքացվում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը` հնարավորություն ընձեռելով ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը: Կարծում ենք նման եզրահանգումները նաև չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեր ջանքերին և նպատակներին», -գրել է Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում: