25-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց ադրբեջանցի Օրհան Զեյնալովին` նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Բիրյուլյովոյի շրջանում Եգոր Շչերբակովին սպանելու համար: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել «Սպանություն» հոդվածի հատկանիշներով: Բացի այդ, ադրբեջանցին սպանվածի ընտանիքին պարտավորվել է վճարել 3 միլիոն ռուբլի:
Իր հերթին դատախազը պահանջել է Զեյնալովին դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Հետաքննության տվյալներով՝ Զեյնալովը 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոնֆլիկտ է հրահրել Մոսկվայի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի հետ, որի ժամանակ էլ սպանել է վերջինիս` դանակով հարվածելով երիտասարդի կրծքավանդակին: Զեյնալովը փախուստի էր դիմել: Շչերբակովը ստացած վերքերից մահացել էր տեղում: