Շանթ Հարությունյանի և մյուսների գործ. Ամբաստանյալներից երկուսի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը մնաց անփոփոխ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօրվա դատական հերթական նիստում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալ Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը, այն մերժելու դեպքում՝ փոփոխել այլ խափանման միջոցով կամ կալանավորումը փոխարինել գրավով` 500 հազար դրամ:
Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված 2 ոստիկանների հրելու և ֆիզիկական ցավ պատճառելու համար, ինչը չի հաստատվել դատաքննությամբ, դատարանում հետազոտված տեսանյութով:
Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ամբաստանյալը կարող է ազատության մեջ հայտնվելով՝ անօրինական ազդեցություն ունենալ գործին առնչվող անձանց վրա:
Խորհրդակցական սենյակից հետո Մնացական Մարտիրոսյանն ընթերցեց որոշումը, համաձայն որի մերժվեց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը:
Արա Զաքարյանը ներկայացրեց ևս մեկ միջնորդություն՝ փոխել իր մյուս պաշտպանյալ Տիգրան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը, իսկ դա մերժելու դեպքում՝ ազատ արձակել գրավի դիմաց։ Նրա խոսքով, այս դեպքում ևս մեղադրանքը չի հիմնավորվել: Տուժող ոստիկանի ցուցմունքներով հիմնավորվել է միայն իրեն հրելու փաստը, իսկ քաշքշելու և հարվածելու փաստը չի հիմնավորվել: Մեղադրող Գևորգ Գևորգյանը կրկին առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ մեղադրանքը հիմնավորվել է, ազատության մեջ հայտնվելով՝ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործին առնչվող անձանց վրա:
Դատարանը կրկին գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այս դեպքում ևս միջնորդությունը մերժվեց:
Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (Քր. Օր. 258-րդ հոդված, 3-րդ մաս կետ 1, 2):
Նախորդող հրապարակումներ՝
Շանթ Հարությունյանը պահանջեց վերաորակել իր դեմ առաջադրված մեղադրանքը
Շանթի և մյուսների գործ. «Ամեն ինչ սարքոցի էր»
Շանթ Հարությունյան. Ես հեղափոխություն էի նախատեսել դեկտեմբերի 2-ին, ոչ թե նոյեմբերի 5-ին
«Ինձ ասացին, որ հայրս մահացել է». Դատարանում պատմում է Շանթ Հարությունյանի որդին
Շանթի և մյուսների գործ. «Փետով խփեցին ինձ, ոստիկանի գլխարկս թռավ»
Շանթի և մյուսների գործ. «Մայրիկ ջան, ո՞նց ես արել, որ սենց լավ տղա ես դաստիարակել»
Շանթի և մյուսների գործ. Ոստիկանը տուժող է ճանաչվել ընդամենն աչքերը մրմռալու համար
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին
Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը