Foreign Policy. Թբիլիսին ԱՄՆ-ին առաջարկում է սիրիացի ապստամբների համար վարժեցման կենտրոն հիմնել
«Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական խմբավորման դեմ համաշխարհային պայքարում իր ներդրումն ունենալու համար Վրաստանն առաջարկել է Միացյալ նահանգներին իր տարածքում վարժեցման բազա տեղակայել, որտեղ մարտական պատրաստվածության դասեր կանցնեն սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչները: Այս մասին գրում է ամերիկյան «Foreign Policy» պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր անանուն աղբյուրին:
Տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն պարբերականի հետ զրույցում հաստատել է հակակահաբեկչական վարժեցման կենտրոն ստեղծելու Վրաստանի առաջարկը և հավելել, թե նախատեսված կենտրոնում դասեր կարող են կազմակերպվել ոչ միայն «Իսլամական պետության» դեմ կռվող սիրիացի զինյալների, այլև այլ պետություններից ժամանած քաղաքացիների համար:
«Այս ամենն, այնուհանդերձ, դեռևս քննարկման փուլում է», - ասել է Գեգեշիձեն:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 19-ին ստորագրել էր օրինագիծ, որով ամերիկացի զինվորականներին թույլատրվում էր զինել և վարժեցնել սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչներն, ովքեր մարտեր են մղում «Իսլամական պետության» զինյալների դեմ:
Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացել Կոնգրեսի երկու պալատներում: Սիրիացի ընդդիմադիրներին զինելու և վարժեցնելու օրինագիծը առաջ էր քաշվել նախագահ Բարաք Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի սեպտեմբերի 11-ին հրապարակված ռազմավարության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց