Հոնկոնգում շարունակվում են բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև
Վերջին մեկ շաբաթում առնվազն 56 մարդ է տուժել Հոնկոնգում ոստիկանության և ցուցարարների միջև ընթացիկ բախումների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Քաղաքի գործարար կենտրոնը պարալիզացված է: Չեն գործում բանկերն ու խանութները: Հազարավոր ցուցարարներ գիշերում են փողոցներում: Կիրակի առավոտյան ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների ուղղությամբ, այնուհանդերձ իրավապահների կողմից ուժի կիրառումը էլ ավելի է սաստկացրել բողոքի մասնակիցների վճռականությունը: Երկուշաբթի օրը հազարավոր ցուցարարներ շարունակել են երթերն ու նստացույցերը քաղաքի կենտրոնական հատվածում:
Ոստիկանության տվյալներով, շուրջ 89 մարդ է ձերբակալվել հասարակական վայրերում խուլիգանության, կառավարական շենքերն արգելափակելու մեղադրանքներով:
Ցուցարարների հիմնական պահանջը յոթ միլիոն բնակչություն ունեցող ինքնավարության համար ուղղակի ընտրությունների անցկացում է, ներկայումս գործող երկաստիճան ընտրողների կոլեգիայի համակարգի փոխարեն, որի ջատագովն է Չինաստանի կենտրոնական իշխանությունը:
Հոնկոնգում ընթացիկ զանգվածային շարժումը սոցիալական ցանցերում արդեն անվանում են «անձրևանոցների հեղափոխություն»: Փողոց դուրս եկած մարդիկ կրում են անձրևանոցներ՝ պաշտպանվելով արևից: Մեկ այլ վարկածով, անձրևանոցները պաշտպանիչ միջոց են հանդիսանում ոստիկանության ուժերի կողմից կիրառվող աէրոզոլից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց