Հռոմի պապը հանդիպելու է Թուրքիայի նախագահին և պատրիարք Բարդուղիմեոսին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին այցելելու է Թուրքիա: Եռօրյա այցի ընթացքում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիին:
Հռոմի պապի եռօրյա այցը սկսվելու է նոյեմբերի 28-ին: Սկզբում նա լինելու է Անկարայում, որտեղ այցելելու է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, այնուհետ նախագահական պալատում հանդիպելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բացի այդ, Հռոմի պապը հանդիպելու է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։
Այցելության երկրորդ օրը Հռոմի պապը Անկարայից մեկնելու է Ստամբուլ, որտեղ այցելելու է Սոֆիայի տաճար և Կապույտ մզկիթ։
Նույն օրը Հռոմի պապը քարոզ է կարդալու Սուրբ հոգու տաճարում, այնուհետև հանդիպելու է Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ։
Նոյեմբերի 30-ին Հռոմի պապն ու Բարդուղիմեոսը համատեղ հայտարարությամբ են հանդես գալու: Այդ օրը երեկոյան Հռոմի պապը վերադառնալու է Վատիկան: