«Հայաստան» համահայկական հիմնադրամ. Կալչիյանների ընտանիքը շարունակում է աջակցել Խաչարձան համայնքին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արտո և Հիլդա Կալչիյանները շարունակում են հովանավորել Տավուշի մարզի Խաչարձան գյուղը: Համայնքի նորակառույց բուժկետն ու հանդիսությունների սրահը շահագործման հանձնելուց հետո բարերար ամուսինները ստանձնել են գյուղի դպրոցի հիմնանորոգումը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Շինաշխատանքներով պայմանավորված` 66 աշակերտ ունեցող դպրոցին այսօր ժամանակավորապես փոխարինում է գյուղապետարանի շենքը:
Ամուսինների գործունեությունը շուրջ 400 բնակիչ ունեցող Խաչարձանում այսքանով չի սահմանափակվում: Դեռ հունիսին նրանք գյուղի դպրոցականներին նվիրեցին պայուսակներ և գրենական պիտույքներ, իսկ գյուղի նորածին ունեցող չորս ընտանիք օրերս ֆինանսական աջակցություն ստացան նրանցից: Կալչիյանները խոստացան առաջիկայում շարունակել օգնությունը նորածին ունեցող ընտանիքներին:
«Հայաստանում հարյուրավոր գյուղեր մեր հոգածության և աջակցության կարիքն ունեն: Այդ համայնքների կարիքներին ու հույսերին մենք, հավանաբար, լուռ անտարբերությամբ ենք վերաբերվում: Նրանց կյանքը շատ դժվար է եղել և այժմ էլ խնդիրներով լի է: Վերջերս լույս աշխարհ եկած երեխաները մեր երկրի մանուկներն են, մեզ պես հայեր: Արդյո՞ք ժամանակը չէ համախմբվելու և մեր ջանքերն ու զգացմունքները միավորելու, որպես մեկ ընդհանուր ազգ»,- արգենտինահայ համայնքին կոչով դիմել է Արտո Կալչիյանը:
Խաչարձան համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանի խոսքով` Կալչիյան ամուսինները պատրաստակամություն են հայտնել նաև ներդրումներ կատարել գյուղում մեղվաբուծությունը զարգացնելու նպատակով:
«Տեր և Տիկին Կալչիյանները նոր են միացել Հիմնադրամի մեծ ընտանիքին, բայց արդեն մի շարք ծրագրեր են կյանքի կոչել սահմանամերձ այս գյուղում: Նրանց արժանիորեն շնորհվել է Խաչարձանի պատվավոր քաղաքացու կոչում»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան