Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ողջունում է ԵԽ-ում ԼՂ հետ բարեկամության խմբի ստեղծումը
Բրյուսելում հոկտեմբերի 15-ին ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը համախմբել էր Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորների, Բրյուսելում տեղակայված միջազգային և համայնքային նշանակության մի շարք կառույցների պատասխանատուների։
Միջոցառմանը, որի գլխավոր բանախոսը Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն է եղել, ելույթ են ունեցել նաև Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ով ողջունելով ԼՂՀ անկախության հերթական տարեդարձը՝ հայտարարել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ձևավորման մասին։
«Սա ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ է. եվրոպական հաստատություններում Լեռնային Ղարաբաղին առավել մեծ տեսանելիություն հաղորդել նշանակում է նպաստել, որպեսզի այդ հաստատությունները առավել հիմնավոր կերպով ճանաչեն այս երկրի իրականությունը»,- մեկնաբանել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշըբլուանը:
Անդրազգային այս խմբի նպատակն է մասնավորապես ճանաչողական այցեր կազմակերպելու միջոցով եվրոպական և ղարաբաղյան քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերություններ հաստատելուն նպաստելը, ինչպես նաև եվրոպական և միջազգային հաստատություններում Լեռնային Ղարաբաղի ներկայությունն ամրապնդելը:
«Մեր ժամանակաշրջանում այլևս անհնար և ապօրինի են որևէ երկրին` արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելուն խանգարելու փորձերը»,- նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
«Եվրոպան պետք է սովորի ճանաչել Լեռնային Ղարաբաղը` փարատելու համար այս երկրի մասին նրան ներկայացված սխալ պատկերացումները : Ծանոթանալով երկրին` Բրյուսելն այն կճանաչի»,- եզրափակել է նա: