Մեզանում շատ է տարածված իշխանափոխություն բառից կառչվածությունը. Նաղդալյան
«Եռյակի երեկվա հանրահավաքում առանձնապես ոչ մի նոր բան չլսեցի: Ավելին` նաև ոչ մի սկզբունքային տարբերություն չկար նախորդ հանրահավաքի և սրա միջև»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Պաշտոնյայի խոսքով` այն, որ ԲՀԿ առաջնորդը օգտագործեց իշխանափոխություն եզրույթը դեռ ոչինչ չի նշանակում, առավել ևս, որ մեզանում շատ է տարածված այդ բառի նկատմամբ կառչվածությունը. «Իշխանափոխություն բառի մեջ ես որևէ բան չեմ տեսնում. ընդդիմադիր ուժերի խնդիրը քննադատելն է և գործելն է բողոքական զանգվածի հետ: Դա ժողովրդավարական պետության մեջ սահմանված է, դրա համար կան օրենքներ, ժողովրդական կարգեր, և հստակ է, որ այս պահի դրությամբ մենք որևէ բացառիկ իրավիճակ չունենք»:
ԱԺ փոխխոսնակը նաև ավելացրեց, որ չի կարծում, թե իշխանափոխության հիմքեր կան. մեր երկրում բոլոր գործընթացները ժողովրդավարական հիմքերով շարունակվելու են և հաջորդ ընտրությունները լինելու են 2017թ-ին:
Հ.Նաղդալյանը նկատեց, որ իսկապես հանրահավաքի մասնակիցների թիվը շատ մեծ էր, բայց հորդորեց հարցին այլ տեսանկյունից մոտենալ` շատ, բայց ինչի՞ հետ համեմատ: Նրա խոսքով, դա համարժեք է այն սոցիալական և այլ խնդիրներին, որոնք առկա են երկրում, ավելին` խնդիրները, դժգոհ, վատ ապրող, ծանր պայմաններում գտնվող բնակչության թիվը շատ ավելի շատ է, սակայն դրանով նույնպես այս պահին որևէ բան չի որոշվում:
«Բնական է, մենք գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ կան` սոցիալական, կոռուպցիայի, արդարադատության և այլ համակարգերի հետ կապված: Կա նաև բողոքական ու դժգոհ զանգված, այնպես որ մեր ընդդիմադիր գործընկերների արդարացի իրավունքն է աշխատել այդ զանգվածի հետ: Սակայն իշխանությունները ունեն իրենց պարտավորությունը` քայլ առ քայլ լուծում տալ այն խնդիրներին, որ ունի մեր ազգաբնակչությունը և այդպիսով պակասեցնելու դժգոհողների թիվը»,-ընդգծեց Հ.Նաղդալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց