Գալուստ Սահակյան. 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում
Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները,
զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները և խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իր համար 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում, հակառակը՝ այդ վիշտը մշտապես իր հետ է: ԱԺ նախագահը նշել է, որ ոճրագործության զոհերը մեծ գաղափարներ և նպատակներ ունեին, որոնց իրագործման հարցում պատասխանատու է համարում նաեւ իրեն:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետև եղել են Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում և Եռաբլուր պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային
հերոսներ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը