Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Մոսկվայի գիտաժողովի արդյունքները
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Մոսկվայում ընթացող «Կարաչաևո-բալկարյան ժողովուրդների էթնոգենեզ, պատմություն, լեզու և մշակույթ» գիտաժողովի վերջին օրը բոլոր մասնակիցները միաձայն քվեարկել են մի բանաձևի օգտին, որը ներկայացրել էր ադրբեջանցի պատմաբան Զաուր Հասանովը և որի համաձայն` «թագավորական սկյութներն» իբր թյուրքական էթնոս էին:
Սական, ինչպես պարզվեց, գիտաժողովում առհասարակ նման բանաձև չի ընդունվել, ինչի մասին էլ վկայում է անտիկ պատմության գծով մասնագետ Սերգեյ Պերեվալովը: Ըստ գիտաժողովի տեսագրության, որը տեղադրվել է YouTube-ում, Հասանովի բանաձևի տեքստը որևէ ընդհանուր բան չունի ադրբեջանական մամուլի տարածած նյութի հետ: Այսպես, ադրբեջանցի պատմաբանի բանաձևում ընդամենը խորհուրդ է տրվում սկյութներին չհամարել մոնոէթնիկ, չսկսել թյուրքերի պատմությունը վաղ թյուրքական խանություններից, համարել սխալ սկյութներին վերաբերող այն հետազոտությունները, որոնք միայն ոչ թյուրքական սկզբնաղբյուրների հիմքի վրա են:
Ընդ որում, ադրբեջանցի պատմաբանի տեսակետը հանգեցրել է իր գործընկերների անհամաձայնությանը, որոնցից օրինակ Ռուսթամ Բեգեուլովը նկատել է, թե պետք է զբաղվել հենց կարաչաևո-բալկարյան ժողովուրդներով` առանց խորանալու հնագույն ժամանակների մեջ:
«Այն, որ սկյութները միասեռ չեն, վաղուց է հայտնի, ինչպես և այն, որ «սկյութներն ըստ էության շատ չեն» (Հերոդոտոս): Սակայն այն եզրահանգման համար, թե թագավորական սկյութները թյուրքեր էին, պարզապես ոչ մի ապացույց չկա»,- նշել է Սերգեյ Պերեվալովն իր ֆեյսբուքյան էջում:
Նա նաև ավելացրել է, որ ՌԴ-ում հումանիտար գիտություններն ավելի ու ավելի են տեղայնացվում: «Արդեն նաև մայրաքաղաքային մակարդակը երաշխիք չէ պատմության համառ կեղծարարների դեմ: Դիլետանտների ընդվզումը հումանիտար գիտություններում ծավալվում և ընդարձակվում է` նվաճելով նաև պատմական գիտությունների ամրությունները»,- նշել է Պերեվալովը` մեկնաբանելով ադրբեջանցի գիտնականի պահվածքը գիտաժողովին:
Ինչպես հայտնում է «Кавказский узел»-ը, «Կարաչաևո-բալկարյան ժողովուրդների էթնոգենեզ, պատմություն, լեզու և մշակույթ» գիտաժողովին, որն ընթացել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտում, մասնակցել են ավելի քան 300 թյուրքագետներ աշխարհի 16 երկրներից: Նոյեմբերի 24-ին կայացած լիակազմ նիստին ընթերցվել են գիտական զեկույցներ, որոնք թեմատիկայի տեսանկյունից վերաբերում էին կովկասագիտության ու թյուրքագիտության տարբեր ճյուղերին: