Դեպի Ռուսաստան միգրանտների հոսքը հաջորդ տարի կնվազի. Ռուբեն Եգանյան
«Այս տարի Հայաստան վերադարձող միգրանտների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարի, ինչը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունում ընդունված օրենքներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` հավելելով, որ որոշ գնահատականների համաձայն` այդ օրենքերի ընդունումից հետո ավելի քան 200 հազար ՀՀ քաղաքացու մուտքը ՌԴ չի թույլատրվել:
Իսկ թե ինչպես կարող են փոխվել միգրացիոն հոսքերը, ապա ըստ մասնագետի՝ տրամաբանությունը հուշում է, որ դրանք կարող են պակասել. «Այն գործունեությունը, որ մեր միգրանտները ծավալում էին Ռուսաստանում, հիմնականում շինարարության ոլորտն էր: Ռուսաստանի իրավիճակը թույլ է տալիս ասելու, որ շինոլորտին ուղղված միջոցները կկրճատվեն ռուսական պետական կառույցների կողմից: Դրա հետևանքով, դեպի Ռուսաստան միգրանտների հոսքերը հաջորդ տարի կնվազեն»:
Նրա խոսքերով` ԵՏՄ-ին անդամակցումից հետո հնարավոր է, որ հայ միգրանտների վիճակը ինչ-որ չափով բարելավվի, սակայն, ըստ ժողովրդագրի, ինքը էական բարելավվում չի սպասվում:
Բացի այդ, ինչպես նշեց Ռ.Եգանյանը, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մշտական, ինչպես նաև սեզոնային միգրանտների հոսքերը կնվազեն. «Այդ միգրատների համար այլընտրանք չկա, նրանք Եվրոպա չեն կարող գնալ, գուցե թե ավելանա դեպի Ղազախստան հոսքը: Չեմ կարող ասել, թե որքանով, բայց միանշանակ է, որ դեպի Ռուսաստան հոսքը կսահմանափակվի»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, հոգեբան Ռուբեն Աղուզումցյան էլ նկատեց, որ «հայերը միշտ էլ դուրս են նայել», և միգրացիան նոր երևույթ չէ. «Դա կապված է նաև ոչ միայն տնտեսական հատկությունների, այլ նաև հոգեբանական հատկությունների հետ: Հայերը սիրում են միշտ գնալ դեպի նորը, միշտ նոր բան փնտրել, իսկ դա լինում է ոչ թե մեր երկրում, այլ արտերկրում»:
Նաև հավելեց, որ ժամանակակից Հայաստանը բավականաչափ աշխատատեղեր ունի, ուղղակի խնդիրն այն է, որ շատ հաճախ մարդիկ չեն ցանկանում փոխել մասնագիտությունը, նոր բան սովորել. «Իսկ միգրացիան միշտ էլ եղել է ամբողջ աշխարհում, ուստի պետք չէ դրանից ողբերգություն սարքել»: