Հնարավոր է 2015-ին Հայաստանն ունենա կինոյի մասին օրենք
«Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է կինոյի մասին օրենք»,- մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա նշեց, որ օրենքի բացակայությունը չի խանգարում միջազգային համագործակցությանը, միաժամանակ հավելեց, որ այն կօգնի ներսում առկա խնդիրների լուծմանը, կհեշտացնի կինոաշխարհի ներկայացուցիչների աշխատանքը:
«Ունենք շատ բացեր, որոնք պետք է ամրագրվեն օրենքով: Օրենքը մեզ կօգնի հարկային, մաքսային ոլորտներում ունենալ արտոնություններ, կսահմանի ֆիլմի հետ կապված իրավունքները, ֆիլմի արտոնագիրը»,- ասաց Գ. Գևորգյանը:
Կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծն արդեն մշակված է, պետք է ներկայացնել Ազգային ժողով: Այն մշակելիս, ըստ Գ. Գևորգյանի, հաշվի են առնվել կինոաշխարհի ներկայացուցիչների ներկայացրած կարծիքները, դիտարկումները, նաև օգտվել են տարբեր երկրների նմանատիպ օրենքներից:
«Շատ լավ օրենքի նախագիծ է»,- վստահեցրեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, 2015 թվականի ընթացքում այն կընդունվի: