Սեֆիլյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանին. «Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից»
Ժիրայր Սեֆիլյանն արձագանքել է երեկվա հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Ֆեյսբուքյան էջում Սեֆիլյանը գրել է.
«Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներ դիմում են ինձ` ակնկալելով իմ արձագանքը ս/թ մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առթիվ: Իմ ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել. Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»:
Տեր-Պետրոսյանն իր ելույթում մասնավորապես ասել էր. «Եվ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։ Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»։