The Huffington Post. «ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
Առաջատար The Huffington Post պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին` շեշտադրելով, որ 100-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` պարբերականը գրում է, որ բանաձևի` Կոնգրեսում հայտնվելուց ի վեր Թուրքիան բոլոր հնարավոր տաբերակներով սպառնում է Միացյալ Նահանգներին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկու երկրների ռազմաքաղաքական հարաբերություններում:
«Արդյունքում ԱՄՆ-ն պաշտոնապես հրաժարվում է ցեղասպանություն բառն օգտագործելուց` չնայած Հռոմի պապն արդեն իսկ հայերի ջարդերը անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը այդ թեմայով ծանրակշիռ նշանակություն ունեցող գիրք է հրապարակել` «Դժոխքից եկող խնդիրը» անունով»,- գրում է պարբերականը:
Շարունակելով, պարբերականը մանրամասն անդրադարձ է կատարում ցեղասպանություն եզրույթը գիտական շրջանառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինի գործունեությանը` ցույց տալով եզրույթի լեգիտիմ լինելը և այն, որ եզրույթը հենց 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից իրագործված հայկական ջարդերին է վերաբերվում:
«Ես սկսեցի ցեղասպանություն երևույթով հետաքրքրվել, քանի որ այն տեղի է ունեցել մի քանի անգամ: Առաջին անգամ այն տեղի է ունեցել հայերի հետ, որից հետո արդեն Հիտլերը այն իրականացրել է հրեա ժողովդրի նկատմամբ»,- պարբերականը մեջբերում է 1949 թվականին ամերկյան CBS հեռուստալիքին տված Լեմկինի մեկնաբանությունը:
Պարբերականը հարցադրում է անում, որ եթե ցեղասպանություն եզրույթը շրջանառության մեջ դրած և ուսումնասիրություններ կատարած անձը բացեիբաց հայտարարում է, որ այն տեղի է ունեցել հայերի հետ, ապա ԱՄՆ-ն ինչու՞ չի կարող պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս համատեքստում պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ն ոչ միայն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը` իր հարգանքիտուրքը մատուցելով բնաջնջված 1.5 միլիոն զոհերի հիշատակին, այլ նաև ճանաչի այն մարդու թողած ժառանգությունը, որին այսօր բախվում են շատերը: (Հոդվածագիրը նկատի ունի Լեմկինի կողմից շրջանառության մեջ դրված ցեղասպանություն եզրույթը, երույթ, որն, ըստ հոդվածագրի, այժմ տեղ է գտել Մերձավոր Արևելքում` պայմանավորված Իսլամական պետության ծայրահեղական գործողություններով):
«Ցեղասպանություն եզրույթը պետք է օգտագործվի նախագահ Օբամայի կողմից` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ջադերը նկարագրելիս` առանց հաշվի առնելով Թուրքիայի կողմից եկող սպառնալիքները, կամ այն քաղաքական հետևանքները, որ կարող են արձանագրվել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Մեր կոնգրեսի և նախագահի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումը աշխարհին ցույց կտա, որ ԱՄՆ-ն նվիրական արժեքները վեր է դասում քաղաքական նպատակահարմարությունից: Մեր ընկերներն ու թշնամիներն էլ կտեսնեն, որ մենք շրջում ենք պատմության էջը ,և որ ցեղասպանություն երևույթը երբեք ընդունելի չի լինի ԱՄՆ-ի կողմից` անկախ քաղաքական կամ ռազմավարական հարաբերությունների կարևորությունից»,- եզրափակում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան