Ռախմանինովի ընտանիքը մտադիր չէ նրա աճյունը տեղափոխել Ռուսաստան
Ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ընտանիքը հայտարարել է, որ մտադիր չէ կոմպոզիտորի աճյունը Նյու Յորքից տեղափոխել Ռուսաստան, որպեսզի չխախտի Ռախմանինովի վերջին ցանկությունը: Կոմպոզիտորի ազգականները մեկնաբանելով ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, ասել են, որ կտակում Ռախմանինովը գրել է, որ իրեն հուղարկավորեն Նյու Յորքում՝ կնոջ ու դստեր կողքին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Օգոստոսի 15-ին Մեդինսկին հայտարարել է, որ Սերգեյ Ռախմանինովի աճյունի տեղափոխումը Ռուսաստան մեծ գործ կլիներ: Նախարարի կարծիքով, կոմպոզիտորի թաղման վայր կարող է լինել Նովգորոդի մարզը: Մեդինսկին ասել է, որ Նյու Յորքում Ռախմանինովի գերեզմանը լավ վիճակում չէ և նախարարությունը պատրաստ է օգնել Նովգորոդի իշխանություններին Ռախմանինովների տոհմական կալվածքը վերականգնելու գործում:
Ռախմանինովը 1917-ի հոկտեմբերից հետո լքել էր Ռուսաստանը, ապրել Շվեյցարիայում և Նյու Յորքում: Նա վախճանվել է Կալիֆորնիայում 1943 թվականին՝ 70 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին