Կարկուտից տուժած արմավիրցիներն ակնկալում են կառավարության աջակցությունը (լուսանկարներ)
Արմավիրի մարզում Շենիկ, Բաղրամյան, Մյասնիկյան, Բագարան, Կողբավան համայնքներում 1 ժամ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը՝ քամու ուղեկցությամբ, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է ձմերուկի և խաղողի բերքը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Օգոստոսի 22-ին տեղացած կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով, մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը: Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10- 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել: Շենիկում 1000 հեկտար մշակովի հողատարածք կա: Գյուղապետ Կորյուն Մինասյանի խոսքով, կարկուտից ամբողջովին վնասվել է մոտ 700 հեկտարը, վնասվել են ոչ միայն ցանքատարածություններն ու այգիները, այլ նաև բնակելի տներ, տանիքներ:
Շենիկում տեղակայված է 6 հակակարկտային կայան, որոնք գործում են, սակայն Մինասյանի կարծիքով, գյուղում ևս 6 կայան է անհրաժեշտ, որպեսզի մեղմվի կարկուտի վտանգը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել էր տուժած համայնքներ, ծանոթացել իրավիճակին, հանձնարարել կազմել հանձնաժողովներ վնասի չափերը ճշտելու համար: Ըստ մարզպետի, ամբողջությամբ վնասվել են ձմերուկի ցանքատարածությունները, իսկ խաղողի և պտղատու այգիների դեպքում վնասի չափը կպարզվի ուսումնասիրությունից հետո:
Գուղացիական տնտեսությունների մոտ 80 տոկոսը վարկառուներ են, ովքեր գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով մինչև 25 միլիոն դրամ վարկ են ստացել:
Աղբյուրը գրում է. «Ինչպիսին է լինելու վարկերի սպասարկման ճակատագիրը, գյուղացիները չգիտեն, նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը վարկերը երկարաձգելու կամ սառեցնելու ուղղությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ