ԱՄՆ կոնգրեսը աջակցել է միգրացիան խստացնող օրինագծին
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից մեկ շաբաթ անց ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կողմ է արտահայտվել օրինագծին, որով նախատեսվում է խստացնել Սիրիայից և Իրաքից ԱՄՆ եկող փախստականների ընդունման կարգը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Հանրապետականների կողմից վերահսկվող պալատի 289 անդամներ կողմ են քվեարկել օրինագծին, իսկ դեմ արտահայտվել են 137 կոնգրեսմեններ: Այժմ օրինագիծը պետք է արժանանա նաև Սենատի հավանությանը:
Եթե օրինագիծը հաստատվի և սկսի կիրառվել, ապա փախստականները կարող են ժամանել ԱՄն միայն այն դեպքում, եթե Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախագահը, Ներքին անվտանգության նախարարը և Ազգային հետախուզության ղեկավարը հաստատեն, որ վերաբնակեցման ենթակա թեկնածուն որևէ սպառնալիք չի ներկայացնում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե օրինագիծը ստանա Կոնգրեսի հավանությունը, ապա ինքը կկիրառի վետոյի իրավունքը, սակայն միայն Ներկայացուցիչների պալատում օրինագծի ստացած կողմ ձայները բավական են նախագահական վետոն հաղթահարելու համար:
Աշխարհով մեկ սփռված 19 մլն փախստականներից ԱՄՆ-ի Քաղաքացիության և միգրացիայի ծառայության (USCIS) տնօրեն Լեոն Ռոդրիգեսի հաղորդած վիճակագրության համաձայն` ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում ապաստան տալ 85 հազար մարդու:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին