Հայաստանում աղքատնե՞րն են նվազել, թե՞ աղքատությունը
Հայաստանում 2014թ. ին աղքատությունը կազմել է 30 տոկոս՝ 2013 թվականի 32 տոկոսի դիմաց: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Նրա խոսքերով՝ Հայաստանում աղքատությունը չափում են ոչ թե ըստ եկամուտների կամ ծախսերի, այլ ըստ սպառման ագրեգատի:
«Եկամուտները որպես կանոն, Հայաստանի նման անցումային երկրներում տնային տնտեսությունները կենսամակարդակի հետազոտությունների ժամանակ եկամուտների չափերի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հակվածություն ունեն, մյուս կողմից՝ եկամուտները սեզոնային և այլ տատանումներին արագ են արձագանքում, ուստի դրանով աղքատությունը չափելը այսօրվա գործիքներով նպատակահարմար չէ: Ծախսերով ևս չեն չափվում, քանի որ հարցումների ժամանակ տնային տնտեսությունները ևս ոչ ամբողջական պատասխաններ են տալիս: Արդյունքում 2014թ. Հայաստանի համար սպառման ագրեգատով փաստագրված սպառողական միջին զամբյուղը կազմել է 40 հազարից ավելի դրամ»,- մանրամասն ներկայացրեց Ս. Մնացականյանը:
Նա չբացառեց, որ աղքատության նվազման պատճառ կարող է նաև միգրացիան լինել:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե որքան է կազմում Հայաստանում գործազրկության մակարդակը, Ս.Մնացականյանը նշեց, որ 2015թ. վերջին եռամսյակում տնտեսապես ակտիվ բնակչության նկատմամբ գործազրկության մակարդակը նախնական տվյալներով կազմել է 18.4 տոկոս:
«Սակայն պետք է նշեմ, որ Հայաստանում պաշտոնական հենքով նվազագույն զամբյուղ հաշվարկված չէ»,- ասաց ԱՎԾ-ի ղեկավարը: