Ես ընդդիմություն եմ, բայց պաշտպանում եմ այս փոփոխությունները. Արծվիկ Մինասյան
Այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում «Այո և ոչ» հեռուստաշոուի ժամանակ ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը բնակիչներին հորդորեց գիտակցված ընտրություն կատարել:
«Եթե հիմնավորվում է Ձեզ համար, որ այո-ն է ճիշտ, ուրեմն այո քվեարկեք այո, եթե չեք համոզվում, ուրեմն գնացեք «ոչ» քվեարկեք: Մեր այցի նպատակը այն է, որ բովանդակություն հաղորդենք այս քննարկումներին: Ես ՀՅԴ պատգամավոր եմ իշխանություն չեմ, ընդդիմություն եմ, բայց պաշտպանում եմ այս փոփոխությունները», -իր դիրքորոշումը մասիսցիներին փոխանցեց դաշնակցականը:
Նա ասաց, որ անցյալում էլ իրենք խորհրդարանական կառավարման կողմնակիցն են եղել, բայց 90-ական թվականներին «տարբեր պատճառներով» իրենց չհաջողվել «առաջ մղել այդ փոփոխությունները»:
«Հիմա է ստացվել, և ներկա իշխանությունները համաձայնվել են մեր այս առաջարկություններին», -նկատեց Մինասյանը:
Մյուս բովանդակային փոփոխությունը, որի համար իրենք կողմ են այս նախագծին, այն է, որ արմատական փոփոխություն է կատարվում քաղաքական համակարգում՝ իշխանությունը ձևավորվում է ծրագրերի հիման վրա ու պատասխանատու է դառնում ժողովրդին:
«Այժմ ոչ նախագահը, ոչ կառավարությունև հաշվետու չեն, որովհետև գալիս և ընտրությունների ժամանակ խոստումներ են տալիս, բայց գնում են ու մոռանում դրանք, չեն կարողանում կատարել», -հայտարարեց Մինասյանը:
Մինչդեռ ըստ պատգամավորի, առաջարկվող Նախագծով կառավարությունը առնվազն տարեկան մեկ անգամ Ազգային ժողովին պարտավոր է ներկայացնել զեկույց՝ թե իր ծրագրի կատարման, թե սոցիալական-տնտեսական ոլորտներում ինչ փոփոխություններ է կատարել:
«Եթե չի ներկայացնում ծրագիրը, ապա այդ կառավարությունը կարող է խորհրդարանի կողմից անվստահության արժանանալ: Սա սկզբունքային է մեր քաղաքական ուժի համար: Պետք է պատասխանատու իշխանություն ձևավորել, մյուս կողմից էլ պատասխանատու ընդդիմություն», -փոփոխությունները ներկայացրեց Մինասյանը:
Լուսանկարը՝ Արմենպրեսի
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ընդդիմությունն աշխատելու հնարավորություն չունի, իրեն մնում է միայն գոռալ. Հրայր Թովմասյան
- Վարդան Պողոսյանը ոչ մեկի պատվերը չի կատարել. Սահմանադրագետի հայրը` «Ոչ»-ի քարոզիչին
- Հանրաքվեն կապ չունի իշխանություն-ընդդիմություն պայքարի հետ. Դաշնակցական
- «Այո»-ի կողմնակիցները վախենում են հենց իշխանափոխությունից. Նարեկ Այվազյան