«Ոչ»-ի կողմնակից. Մեր կյանքը կարող է շեշտակիորեն լավանալ հիմա
Միգուցե «այո» ասողներն իրոք հավատում են, որ լավ բան է գրված և ուզում են լավ փոփոխություններ: Բայց ես այդ կարծիքին չեմ: Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Ոչ»-ի կողմնակից Թամարա Գևորգյանը:
«Այն խնդիրները, որոնց մասին դուք խոսում եք, հնարավոր էր լուծել հենց այսօր հենց այս իշխանության օրոք, եթե լինեին քաղաքական կամքը, ցանկությունը և պրոֆեսիոնալ կառավարիչներ»,-ասաց նա:
Գևորգյանն ասաց, որ չի սիրում երբ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում. «Ասում են պառլամենտական կառավարման անցնելով, մեր կյանքը շեշտակիորեն կլավանա: Ո´չ, մեր կյանքը կարող է շեշտակիորեն լավանալ հիմա, եթե դրա ցանկությունը և կադրերը լինեին: Սա նշանակում է, որ կադրային քաղաքականությունը լավ չի վարվել, ցանկություն չի եղել: Սա քննարկման թեմա է»:
Թամարա Գևորգյանի խոսքով, եթե հնարավոր չէր նման քաղաքականություն իրականցնել, ապա հենց սկզբից իշխանությունը պետք է հայտարարեր այդ մասին, ապա մեխանիզմներ մշակեր:
«Հետո էլ վրդովում եք, որ մարդիկ թողած սահմանդրական փոփոխությունները, սոցիալական խնդիրների մասին են խոսում: Բա ինչի՞ մասին խոսեն, եթե մարդն ունի խնդիր, եթե մարդու երեխեն չի մնում կողքին, եթե գյուղացին գյուղը լքում է»,-ասաց «Ոչ»-ի կողմնակիցը, ավելացնելով, որ հասարակությունը պետք է պահանջատեր լինի, որպեսզի «տաքուկ անկյուններում նստած պաշտոնյանները պետք է մի քիչ մրսեն»:
Ի պատասախան Գևորգյանի «Այո»-ի կողմնակից, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ բոլորից լավ են հասկանում խնդիրները:
«Եթե ամեն ինչ լավ լիներ, ի՞նչն էինք մենք փոխելու: Բոլորից լավ գիտենք, խաղողի մթերման մասին, վարկերի մասին, եթե այդ հարցերը լուծում է, լուծում է իշխանությունը: Այո, կառավարման ընթացքում մենք հասկացել ենք, որ կառավարման համակարգում ունենք խնդիրներ: Այն մարդիկ, ովքեր ունեն բողոքներ, դժգոհություններ, հենց նրանց համար է Սահմանդրությունը: Առաջինը մենք ենք ուզում մեր կյանքը փոխենք»,-ասաց պատգամավորը:
Աճեմյանն ասաց, որ մի քանի բնակիչների հարցրել է, թե ով է իրենց պատգամավորը: Շատերը չեն իմացել. «Դուք պետք է ընտրեք կուսակցություն, մենք այսպիսով ուզում ենք կուսակցությունների դերը բարձրացնել, Ազգային Ժողովը ուժեղացնել: Սա նշանակում է, որ քաղաքական դաշտում հնարավոր է լինի երկխոսություն, սա նշանակում է, որ ընդդիմության լիազորությունները պետք է իրացվեն, սա նշանակում է ավելի ուժեղ պառլամենտ, իշխանություն, ընդդիմություն: Ես համոզված եմ, որ այս պարագայում սոցիալական խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց