Բագրատյանը՝ Այվազյանին. «Կռվո՞վ եք եկել, թողեք, խոսեմ»
«Մինչև հիմա բոլորն ասում են, որ մենք ժողովրդի համար ենք աշխատում, բայց ժողովուրդը դրա արդյունքը չի տեսել, օրինակ, գյուղացին չի տեսել»,-սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում հայտարարեց մի տարեց տղամարդ, ով նախ ճշտեց, արդյո՞ք գյուղ եկածների մեջ պաշտոնյաներ ու պատգամավորներ կան:
Նա նեղսրտեց, որ այսօր գյուղացիներից մի քանիսը դժվար կացության մեջ են: Վարկառու բնակիչը մահացել է, հետևաբար վարկը մնացել է առանց մարել, իսկ նրան երաշխավոր կանգնած գյուղացիներին բանկը հրաժարվում է վարկ տրամադրել:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նախ հիշեցրեց, որ իրենք այստեղ եկել են սահմանադրական փոփոխությունների համար:
«Կներեք, էսքան տարվա մեջ մի օր է պատգամավոր եկել գյուղ»,-արդարացավ գյուղացին, ասաց, որ իրենց տարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի տեսել են ԱԺ ընտրություններից առաջ. «Կանգնած խոսում էր, երևի Ազգային Ժողովում դուք էլ չեք տեսել»:
Հիշեցնենք, որ Եղեգնուտ ու մի քանի տասնյակ այլ գյուղեր ընդգրկող թիվ 20 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել է Հրանտ Գրիգորյանը:
«Դա երևի քննարկման այլ հարց է»,-ծիծաղով պատասխանեց Վարդան Այվազյանը, ապա անդրադառնալով բնակչի բարձրացրած հարցին, ասաց, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները մասնավոր են:
«Գումարը վերցնելուց առաջ դրանք երաշխիքներ են ուզում: Ինձ թվում է, որ հարցը Սահմանադրության հետ ուղղակի առնչություն չունի: Ուղիղ եթերից հետո մենք կարող ենք առանձնանալ, ու քննարկել, թե ինչ եղանակով կարող ենք ձեզ աջակցել»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին պետության մասնակցությանը, ապա Այվազյանն ասաց, որ հիփոթեքային վարկերի, փոքր և միջին բիզնեսի զարգացման դեպքում պետությունը որոշակի աջակցություն ցուցաբերում է:
«Մենք պետք է փորձենք ավելի շատ խոսել, թե ինչ կտա Սահմանադրությունը տնտեսությունը զարգացնելու համար: Այս Սահմանադրությունը նախատեսում է կառավարման համակարգի փոփոխություն, որը իրականացված ծրագրերի արդյունավետ վերահսկողություն է նախատեսում»,-ասաց Այվազյանը, առաջարկելով խմբերի բաժանվել՝ ներկայացնելու առաջարկվող փոփոխությունները:
Առաջարկին ընդդիմացավ խմբում ընդգրկված ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ուզում են, որ հեռուստատեսությամբ տեսնեն՝ վեճ չկա, իրականում շատ մեծ վեճ կա: Ձեր հարցը շատ ուղղակի կապ ունի Սահմանադրության հետ: Սրանից հետո վարկերի հարցով ավելի վատ կլինի: Առաջարկվող Սահմանադրության 200 հոդվածը կարգավորում է ԿԲ գործունեությունը, ասվում է, որ բանկը պատասխան է տալիս…»,-Բագրատյանի խոսքն ընդմիջեց Այվազյանը՝ «ասեք, դրամավարկային քաղաքականության համար»:
«Կռվո՞վ եք այսօր եկել, թողեք խոսեմ»,-ասաց Բագրատյանն ու անհեթեթություն որակեց այն սահմանումը, որ «գնաճի համար պատասխան է տալիս Կենտրոնական բանկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց