Բագրատյան. Սահմանադրագետ չեմ, բայց ցանկացած սահմանադրագետի կարող եմ դաս տալ
Աբովյանցիներից մեկը, ով ներկայացավ որպես տնտեսագետ, այսօր «Ոչ»-ի կողմնակիցներից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հարց ուղղեց.
«Ձեր կառավարման օրոք նախկին Սահմանադրությունն ընդունվեց: Ոնց ընդունվեց, որ ժողովուրդը համաձայն չէր, դա էլ գիտեմ: Մենակ մի հարց, բացի իշխանության վերարտադրման հիմնավորումից, ի՞նչ կետ կա, որ փոփոխությունները չեք ընդունում»:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց բնակչի դիտարկմանը. «95 թվի Սահմանադրությունը մաքուր անցել է, պարզապես ժամը 8-ին պետք է ավարտվեր քվեարկությունը, Հանրապետության նախագահը որոշում կայացրեց՝ 8-ը դարձնել 10: Սա վիճելի կետ է, այնպես չի եղել, որ ես շատ բան էի անում, որ անցնի»:
Ասաց՝ իր լուման նախկին Սահմանադրության մեջ եղել է այն, որ Հայաստանը բաժանվի մարզերի. «Դա կարծում եմ, ճիշտ գաղափար է»:
Անդրադառնալով հարցին, թե առաջարկվող փոփոխություններին ինչո՞ւ է դեմ, Բագրատյանն ասաց. «Դուք հիմա ընտրում եք նախագահ, քաղաքապետ: Փոփոխություններով դուք էլ չեք ընտրելու նախագահ, չեք ընտրելու քաղաքապետ: Սահմանադրագետ չեմ, բայց կարող եմ ցանկացած սահմանադրագետի դաս տալ այստեղ: Կա արտադրամաս, կա դրա պետ, պետի գլխին կա դիրեկտր, դիրեկտրի գլխին կա ասենք քաղաքապետ, քաղաքապետի գլխին կա վարչապետ, վարչապետի գլխին կա Ազգային Ժողով, էէ, վերևն ո՞վ է: Վերջում հնարավոր չէ մեկ բևեռ պահել: Միշտ աշխարհը 99 տոկոս դեպքերում ստեղծում է երկու բևեռ, առաջնային մանդատ է տալիս երկու մարմնի: Ասում են, համ նախագահին ենք ընտրելու, համ էլ Ազգային Ժողովը: Էս մեկն օրենքներ է ընդունում, էս մեկը՝ պետության գլուխն է: Սա սրան պիտի հսկի, սա էլ՝ սրան: Իսկ այս փոփոխություններով մենք վերացնում ենք Սահմանադրությունը ու սահմանադրականության հիմքերը Հայաստանում»:
Ներկայացնելով երկրորդ պատճառը, թե ինչու է դեմ առաջարկվող փոփոխություններին, Բագրատյանն ասաց, որ պետք է ընտրեն թե քաղաքապետին, թե ավագանուն, որպեսզի այս մարմինները վերահսկեն իրար: